Խաչակնքման խորհուրդը ըստ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ
Մեր և բողոքականների կամ աղանդավորների միջև տարաձայնություններից մեկը վերաբերում է այն մեծ պատվին, որ մենք ընծայում ենք խաչին։ Մենք խաչակնքվում ենք, նրանք՝ ոչ։ Նրանք չեն խաչակնքվում ո՛չ աղոթելուց և ուտելուց առաջ, ո՛չ հետո, խաչի նշանը չեն գործածում օրհնության համար՝ մարդկանց թե, օրինակ, հագուստի։
Բողոքականները բավարարվում են իրենց ներքին հավատով, առանց խաչի նշանի գործածման։ Մինչև վերջին ժամանակները նրանք խաչ չէին դնում իրենց եկեղեցիների վրա, և նրանցից շատերն այն չեն կրում։ Նրանք իրենց ձեռքը խաչ չեն բռնում, ոչ էլ խաչի տոներ նշում։ Նրանք խաչի կրմամբ թափոր չեն կազմում եկեղեցու շուրջ՝ երգելով հոգևոր երգեր։ Նրանք խաչը չեն համբուրում և նրանից օրհնություն չեն վերցնում։
Բացատրենք, թե ինչու ենք այսքան արժեք տալիս խաչին, և տեսնենք, թե որքան օգտակար է սա և համաձայն Սուրբ Գրքի ուսմունքին։
Ա) Տեր Քրիստոսը մեծապես կարևորում էր խաչը։
Իր քարոզչության սկզբից ի վեր, նախքան խաչելությունը, Նա Իր քարոզներում մեծ շեշտ էր դնում խաչի խորհրդի վրա։ Նա ասում է. «Եվ ով չի վերցնում իր խաչն ու գալիս Իմ հետևից, Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38), և՝ «Եթե մեկն ուզում է գալ Իմ հետևից, թող ուրանա Իրեն, վերցնի իր խաչն ու հետևի Ինձ» (Մատթ. ԺԶ 24, Մարկ. Ը 34)։ Հարուստ պատանու հետ խոսելիս Նա ասում է. «Գնա վաճառի՛ր ինչ որ ունես և տուր աղքատներին…. և վերցրու խաչն ու ե՛կ Իմ հետևից» (Մարկ. Ժ 21)։ Նա նաև ասում է. «Եվ ով չի վերցնում իր խաչն ու գալիս Իմ հետևից, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. ԺԴ 27)։
Բ) Խաչը կարևորվեց հրեշտակի և առաքյալների կողմից։
Որքան գեղեցիկ է Տիրոջ հարությունը յուղաբեր կանանց ավետող հրեշտակի խոսքը. «Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, քանզի հարություն առավ, ինչպես ասել էր» (Մատթ. ԻԸ 5-6)։ Հրեշտակը Տիրոջը «խաչված» է կոչում, թեև Նա հարություն էր առել, և այս անունը շարունակվեց տրվել Նրան։
Առաքյալները գործածում էին այս անունը և իրենց քարոզության մեջ մեծ շեշտ դնում Տիրոջ խաչելության վրա։ Հրեաներին քարոզելիս ս. Պետրոս առաքյալն ասում է. «Հիսուսը, ում դուք խաչեցիք» (Գործք Բ 36)։ Պողոս առաքյալը նույնպես կարևորում է այս հանգամանքը, երբ ասում է. «Մենք կքարոզենք խաչված Քրիստոսին» (Ա Կոր. Ա 23), չնայած նրան, որ Տիրոջ խաչելությունը հրեաների համար գայթակղություն էր, իսկ հույների համար՝ հիմարություն։
Առաքյալը խաչը համարում է քրիստոնեության էությունը, ուստիև կարևորում այն՝ ասելով. «Որովհետև չմտադրվեցի ճանաչել ձեզանում այլ բան, քան միայն Հիսուս Քրիստոսին և Նրան՝ խաչված» (Ա Կոր. Բ 2), այսինքն՝ խաչն էր միակ բանը, որ առաքյալը կամենում էր ճանաչել։
Գ) Առաքյալները հպարտանում էին խաչով։
Ս. Պողոս առաքյալն ասում է. «Քավ լիցի, որ ես հպարտանամ մեկ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով», ապա բացատրում է սրա պատճառը՝ շարունակելով հետևյալ խոսքով. «որով աշխարհը խաչված է ինձ համար, և ես՝ աշխարհի» (Գաղ. Զ 14)։
Դ) Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք խաչին վերաբերող բազմաթիվ աստվածաբանական և հոգևոր նշանակություններ։
Հիշում ենք Աստծո սերը, ով մեր փրկության համար հանձն առավ մեռնել մեզ համար. «Ամենքս իբրև մոլորված ոչխարներ, մարդն իր ճանապարհին մոլորվեց. և Տերը Նրան մատնեց մեր մեղքերի պատճառով» (Ես. ԾԳ 6)։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք «Աստծո Գառին, որն [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29, Ա Հովհ. Բ 2)։
Ե) Երբ մենք խաչակնքվում ենք, հայտարարում ենք, որ պատկանում ենք Խաչյալին։
Ովքեր հավատում են խաչի հոգևոր խորհրդին միայն իրենց սրտում, առանց արտաքին նշանի, հրապարակայնորեն չեն արտահայտում իրենց պատկանելությունը Քրիստոսին, ինչպես մենք, որ խաչակնքվում ենք, խաչը կրում, բոլորի առաջ համբուրում, մեր դաստակներին դրոշմում(66) և դնում մեր պաշտամունքային վայրերի գլխին։
Սրանով մենք հրապարակայնորեն ցույց ենք տալիս մեր հավատքն առանց մարդկանցից ամաչելու։ Մենք հպարտանում ենք խաչով, այն ներկայացնում իբրև մեր անունը, նրա համար տոներ նշում և այն մեր ձեռքը բռնում։ Առանց անգամ որևէ բառի արտասանության մեր արտաքինն արդեն մատնում է մեր հավատքը։
Զ) Մարդ էակը միայն հոգի կամ միտք չէ, այլև ունի մարմնավոր զգայարաններ, որոնք պետք է զգան խաչը, ինչպես վերը ցույց տրվեց։
Ո՛չ բոլոր մարդիկ ունեն նույն հոգևոր մակարդակը, որում կարիքը չունեն մարմնավոր զգայությունների։ Զգայարաններն իրենց սնունդը ստանում են վերոհիշյալ գործառություններով, որոնց ազդեցությունը փոխանցում են մտքին ու հոգուն։ Միտքը կարող է ինքնուրույնաբար չհիշել կամ սակավ հիշել խաչի խորհուրդը, սակայն զգայարանների միջոցով և խաչն իր առջև տեսնելով՝ նա կհիշի խաչի և Խաչյալի հետ կապված զգացումներն ու բոլոր հոգևոր ու աստվածաբանական խորհուրդները։
Այսպիսով, մենք Աստծուն պաշտում ենք հոգով, մտքով և մարմնով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին զորացնում է մյուսին։
Է) Մենք լռությամբ չենք խաչակնքվում, այլ ասում ենք. «Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո»։
Սրանով մենք ամեն անգամ արտահայտում ենք մեր հավատը Սուրբ Երրորդության և մեկ Աստվածության հանդեպ։ Այսպիսով Սուրբ Երրորդությունը միշտ մեր մտքում է, մինչ այսպես չէ նրանց պարագայում, ովքեր չեն խաչակնքվում, ինչպես մենք։
Ը) Խաչի նշանով մենք արտահայտում ենք մեր հավատը նաև Տիրոջ մարդեղության և փրկագործության հանդեպ։
Երբ մենք խաչակնքվում ենք ձեռքն իջեցնելով վերևից ներքև, ապա տանելով ձախից աջ, հիշում ենք, որ Աստված երկնքից երկիր իջավ և մարդկանց ձախից դեպի աջ տարավ՝ խավարից դեպի լույս, մահվանից դեպի կյանք։
Շատ են այն նշանակությունները, որ կարող են անցնել մեր մտքով ու սրտով, երբ մեզ կնքում ենք խաչի նշանով։
Թ) Խաչակնքվելով մենք մեր զավակներին և ուրիշներին հոգևոր դաս ենք տալիս։
Ով աղոթելիս, եկեղեցի մտնելիս, ուտելիս, պառկելիս և կամ այլ բան կատարելիս խաչակնքվում է, հիշում է խաչը։ Այս հիշողությունը հոգևոր մեծ օգուտ ունի և համաձայն է Աստվածաշնչին։ Այն սովորեցնում է մարդկանց, որ Տեր Քրիստոսը խաչվել է, և օգնում է, որ մեր երեխաները խաչին սովորելով մեծանան։
Ժ) Խաչակնքվելով մենք հայտարարում ենք Տիրոջ մահը՝ ըստ Իր իսկ պատվերի։
Տիրոջ պատվերն է, որ հայտարարենք Իր մահը մեր փրկության համար, մինչև Ինքը գա (Ա Կոր. ԺԱ 23-26)։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք միշտ Տիրոջ մահը, մինչև Նա գա։ Մենք հիշում ենք Նրան նաև Հաղորդության խորհրդի կատարման ժամանակ, սակայն սա չի կատարվում ցանկացած ժամանակ, մինչ խաչակնքումը կարող է կատարվել ցանկացած ժամանակ՝ հիշեցնելով մեզ Տիրոջ մահը։
ԺԱ) Խաչակնքվելիս մենք հիշում ենք, որ մեղքի վարձը մահն է։
Եթե մենք մեղք չունենայինք, Տեր Քրիստոսը չէր մեռնի։ Մենք «մեռած էինք մեղքի մեջ» (Եփես. Բ 5), բայց Տեր Քրիստոսը մեզ համար մեռավ խաչի վրա և մեզ կյանք շնորհեց։ Երբ խաչի վրա Նա վճարում էր մեր մեղքի վարձը, ասաց Հորը. «Հա՛յր, ների՛ր նրանց»։
ԺԲ) Խաչակնքվելիս հիշում ենք մեր հանդեպ Աստծո սերը։
Մենք հիշում ենք, որ խաչը սիրո զոհաբերության խորհուրդն ունի. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ընդունի» (Հովհ. Գ 16)։ Եվ հիշում ենք, որ «Աստված մեր հանդեպ Իր սերը հայտնեց նրանով, որ մինչ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Եվ «հաշտվեցինք Աստծո հետ Նրա Որդու մահվամբ» (Հռոմ. Ե 8, 10)։
Խաչի շնորհիվ հիշում ենք Աստծո ունեցած սերը մեր հանդեպ, որովհետև «ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր անձն է դնում իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13)։
ԺԳ) Մենք խաչակնքվում ենք, որովհետև դա մեզ զորություն է տալիս։
Ս. Պողոս առաքյալը, գիտենալով խաչի զորության մասին, ասում է. «….որով աշխարհը խաչված է ինձ համար, և ես՝ աշխարհի» (Գաղ. Զ 14)։ Նաև՝ «Որովհետև խաչի մասին խոսքը հիմարություն է կորուսյալների համար, սակայն մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կոր. Ա 18)։ Մենք նկատում ենք, որ առաքյալը չի ասում, թե հենց խաչելությունն է Աստծո զորությունը, այլ՝ խաչի մասին միայն խոսքը։
Հետևաբար, երբ մենք խաչակնքվում ենք և հիշում խաչը, լցվում ենք զորությամբ, որովհետև հիշում ենք, որ Տերը խաչի միջոցով տրորեց մահը և կյանք պարգևեց բոլոր մարդկանց՝ պարտության մատնելով սատանային։ Ուստի՝
ԺԴ) Մենք խաչակնքվում ենք, որովհետև սատանան վախենում է դրանից։
Ադամի ժամանակվանից սկսած մինչև ժամանակների վերջը սատանայի բոլոր ջանքերն ուղղված են խաչի դեմ, որովհետև Տերը, խաչի վրա թափված Իր արյամբ, Իրեն հավատացող ու հնազանդվող մարդկանց բոլոր մեղքերի վարձը վճարեց՝ մաքրելով դրանցից։ Ուստի երբ սատանան տեսնում է խաչը, դողում է՝ հիշելով իր մեծ պարտությունն ու վատնված ջանքերը, և ամաչելով փախչում։ Սա է պատճառը, որ Աստծո որդիները միշտ գործածում են խաչի նշանը որպես Աստծո զորության հաղթության նշան։ Այս նշանով, մինչ թշնամին արտաքուստ դողում է, մենք ներքուստ լցվում ենք զորությամբ։
Ինչպես Հին Ուխտում պղնձե օձն էր բարձրացվելիս բժշկություն պարգևում ժողովրդին և փրկում մահվանից, այդպես էլ Փառքի Տիրոջ՝ խաչին բարձրանալը (Հովհ. Գ 14)։ Ուստի խաչի նշանը նույն ներգործությունն ունի։
ԺԵ) Երբ խաչակնքվում ենք, խաչի օրհնությունն ենք ստանում։
Մեղքի պատճառով ամբողջ աշխարհը ենթարկվել էր անեծքի և մահվան։ Սակայն խաչի վրա Տերը մեր ամբողջ անեծքն Իր վրա առավ, որպեսզի Աստծո հետ հաշտության օրհնությունը պարգևի (Հռոմ. Ե 10), նոր ու անբիծ կյանքի օրհնությունը, Իր մարմնի հաղորդության օրհնությունը։ Նոր Ուխտի բոլոր պարգևները բխում են խաչից։
Հետևաբար օրհնություն տալու համար հոգևորականները խաչ են գործածում, որպեսզի ցույց տան, որ օրհնության աղբյուրն իրենք չեն, այլ Տիրոջ խաչը, որը Նա հանձնեց նրանց՝ գործածելու օրհնության բաշխման համար, և որ իրենց քահանայությունը ծագում է Խաչյալի քահանայությունից։
Փաստորեն, Նոր Ուխտի բոլոր օրհնությունները բխում են խաչից և նրա զորությունից։
ԺԶ) Խաչը գործածվում է եկեղեցական բոլոր սուրբ խորհուրդներում։
Եկեղեցու բոլոր սուրբ խորհուրդների աղբյուրը խաչի վրա Տիրոջ թափած արյունն է։ Առանց խաչի մենք արժանի չէինք լինի մկրտության միջոցով Աստծուն մերձենալու իբրև Նրա որդիներ, կամ Հաղորդությամբ Նրա մարմինն ու արյունը ճաշակելու (Ա Կոր. ԺԱ 26), կամ նույնիսկ այս բոլոր խորհուրդների միայն օրհնությունները վայելելու։
ԺԷ) Խաչը կարևոր է մեզ համար, որովհետև հիշում ենք մեր հաղորդակից լինելը նրան։
Մենք հիշում ենք ս. Պողոս առաքյալի խոսքերը. «Քրիստոսի հետ խաչը ելա, և այսուհետև կենդանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ» (Գաղ. Բ 20), և՝ «Ճանաչելու Նրան, Նրա հարության զորությունը և Նրա չարչարանքներին հաղորդակցությունը՝ կերպարանակից լինելու Նրա մահվանը» (Փիլիպ. Գ 10)։
Այստեղ հարցնում ենք ինքներս մեզ. իսկ ե՞րբ ենք հաղորդակից լինում Տիրոջ չարչարանքներին։ Մենք հիշում ենք այն ավազակին, ով խաչվեց Տիրոջ հետ և արժանացավ դրախտում Նրա հետ լինելու։ Հավանաբար Նա այնտեղ երգում է ս. Պողոսի երգը. «Քրիստոսի հետ խաչը ելա»։
Ամեն անգամ երբ խաչը զգում ենք մեր զգայարանների միջոցով, փափագում ենք Տեր Քրիստոսի հետ խաչը ելնել ու դրա փառքի մեջ մտնել։
ԺԸ) Մենք պատվում ենք խաչը, որովհետև Հայրը հաճեց այն։
Հայրը հաճույքով ընդունեց Քրիստոսին խաչի վրա իբրև մեղքի համար ընծա և ողջակեզ, «իբրև անուշաբուրություն Տիրոջ համար» (Ղևտ. Ա 9, 13, 17)։ Եսայի մարգարեն այս մասին ասում է. «Սակայն Տերը կամեցավ հարվածել Նրան» (Ես. ԾԳ 10) (67)։
Տեր Քրիստոսը երկրի վրա Իր կատարյալ կյանքով Իր Հոր հաճությունը գտավ։ Սակայն կատարյալ հաճությունն իրականացավ խաչի վրա, երբ «հնազանդվեց մինչև մահվան աստիճան, և խաչի՛ մահվան» (Փիլիպ. Բ 8)։ Երբ խաչ ենք տեսնում, հիշում ենք այս կատարյալ հնազանդությունն ու հպատակությունը, որպեսզի Տիրոջն իբրև մինչիմահ հնազանդության օրինակ վերցնենք մեզ համար։
Խաչն ինչպես որ Հոր համար էր հաճություն, այդպես էլ Խաչյալ Որդու, ինչպես ասված է. «Առջևում սպասող ուրախության փոխարեն Նա հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը» (Եբր. ԺԲ 2)։ Ուրեմն Քրիստոսի կատարյալ ուրախությունը խաչի մեջ էր։ Կփափագեի, որ սրանում մենք նմանվեինք Նրան։
ԺԹ) Խաչի միջոցով մենք գնում ենք դեպի Տերը՝ բանակատեղիից դուրս՝ կրելով Նրա նախատինքը։
Խաչի միջոցով մենք շարունակաբար ապրում ենք Ավագ շաբաթվա զգացումները և հիշում Մովսես մարգարեի մասին ասված հետևյալ խոսքը. «Առավել կարևոր համարեց Քրիստոսի նախատինքը, քան եգիպտացիների բազում գանձերը» (Եբր. ԺԱ 26)։ Քրիստոսի այս նախատինքը Նրա խաչելությունն ու չարչարանքներն են։
Ի) Մենք կրում ենք Քրիստոսի խաչը՝ հիշելու համար Նրա երկրորդ գալուստը։
Ժամանակների վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին Սուրբ Գրքում գրված է. «Ապա կերևա Մարդու Որդու նշանը երկնքում…. և կտեսնեն Մարդու Որդուն եկած երկնքի ամպերի վրայով, զորությամբ և մեծ փառքով» (Մատթ. ԻԴ 30)։
Ուրեմն եկեք երկրի վրա պատվենք Մարդու Որդու այս նշանը, քանի որ սպասում ենք դրան երկնքում՝ Նրա երկրորդ գալստյանը։