fbpx

Զորաց Եկեղեցի

Զորաց Եկեղեցի

ԱնվանումԶորաց Եկեղեցի
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ02․10․21
Թարմացվել է06.05.22

Գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է Զորաց եկեղեցին: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):

2006-2007թթ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած արշավախումբը մասնակի պեղումներ իրականացրեց հուշարձանի տարածքում:

«…Այս չափազանց հետաքրքիր կառույցը,- գրում է արշավախմբի ղեկավար Հ. Մելքոնյանը,- ներկայացնում է լայն բացվածքով, երկու սյուներով, երեք մասի բաժանված միակ արևելյան բեմով, նրան երկու կողմերին կից ավանդատներով բաց եկեղեցի: Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եկեղեցու արևմտյան կողմում բաց գավիթն է: Գավիթի ճարտարապետությունը հատուկ է Վայոց Ձորին: Եկեղեցին կրող բարձունքի շուրջը պահպանվել են բազալտի զանգվածեղ քարերով կառուցված պարիսպների և սրբատաշ քարով պատրաստված դարպասի մի մասը: Նրա շուրջը գերեզմանատունն է` իր մի քանի տասնյակի հասնող խաչքարերով ու տապանաքարերով: Տաճարի արևմտյան հատվածում, ավելի քան 65 քմ մակերեսով, բացվել են տապանաքարեր, որոնցից չորսն ուեն հիշատակագրեր:

Արշավախմբի ղեկավարը շարունակելով ավելացնում է, որ «…պեղումներով բացվել են հյուսիս-հարավ առանցքով իրար հաղորդակից երեք սենյակներ,որոնց պատերը շարված են երկշար, բազալտի զանգվածեղ քարերով:…Ուշագրավ է շինության արևելյան և հարավային պատերում զետեղված մեկական խորշերի մեջ տեղադրված պահարանները:… Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մենք գործ ունենք միջնադարյան գրչության վայրի և գրապահոց Մատենադարանի հետ»: