fbpx

Զարնի-Պարնի

Զարնի-Պարնի

ԱնվանումԶարնի-Պարնի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ16․05․19
Թարմացվել է12.08.23

Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։

2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել։

11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։

Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ: Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել։

Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնէաբաններն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ։