fbpx

Երերույքի տաճար

Երերույքի տաճար

ԱնվանումԵրերույքի տաճար
ՎայրՀՀ Շիրակի մարզ
Ամսաթիվ15․06․24

Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին[2]։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։

Ծագումնաբանություն
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Նկարագիր
Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։

Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։

Շենքը կանգնեցված է աստիճանավոր պատվանդանի վրա․ աստիճանները ամբողջովին շրջապատում էին շենքը տեղի բնական դիրքի համեմատ՝ 5-ից մինչև 7 աստիճաններով։ Աստիճանները վերջացնելուց հետո մտնում էին երեք կողմից ևս սյունազարդ սրահների տակ, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից մեկ շքեղ դռներից մուտքեր կային դեպի տաճարի մեջ։

Շենքը կանգնեցված էր ընդարձակ բնական ժայռոտ տեղի վրա, և տեղի անկանոնությունները ուղղվում են և հարթ մակարդակի վերածվում աստիճանավոր պատվանդանով։ Այդ պատվանդանի աստիճանները, որոնք կառուցված էին մեծ քարերով գրեթե ամբողջովին կոտրված ու փշրված վիճակի մեջ են։ Սյունազարդ սրահներն իրենց ծածկույթով միասին քանդված են. մնացել են միայն հաստահեղույս կլոր սյուների բեկորները և այլանդակված խարիսխներ ու խոյակներ՝ 5-րդ դարի և ավելի վաղ ժամանակներին հատուկ ինքնուրույն քանդակներով։ Արևելյան կողմի խորանը քանդված է թե՛ ներսից և թե՛ դրսից, իսկ հարավարևելյան դուրս ցցված թևի անկյունը նմանապես դիտավորյալ կերպով քարերը հանված են ներսից և դրսից։ Ներքևի երեք կարգ քարերի հանված լինելու պատճառով վերևի շարքերի մեծամեծ քարերի ճնշումից շենքը ճաքել է երկու տեղից։ Նույն վիճակին է մատնված հարավային այս դուրս ցցված մասի արևմտահարավային անկյունը․ ոչ միայն հանել են սրբատաշ մեծամեծ քարերը, այլև քանդել են պատին միջի լիցքը, առաջացնելով խոր խոռոչներ, որով միանգամայն թուլացել է պատերի տարողության ուժը։

Հարավային ճակատը, որ բոլոր կողմերի համեմատությամբ, ամենից գերազանց գեղարվեստականն էր իր վսեմ պարզությամբ, ամբողջ երկարության վրա, քանդված են քարերը, թե՛ ներսից և թե՛ դրսից, մինչև այնքան բարձրության վրա, ուր մարդկային ձեռքերը կարող էին հասնել, ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներ հազիվ կանգնած են մաշված ու թուլացած ոտների վրա։

Արևմտյան կողմը, որ նույնպես ունեցել է դուրս ցցված թևեր, որոնց մեջ չափավոր մեծությամբ սենյակներ էին, հարավային կողմինը միանգամայն կործանվել է, թողելով կանգուն արևմտյան կողմի վրա մի պատի կտոր միայն։ Այս կողմի վրա ևս շատ մասերի մեջ պատերի արտաքին երեսների քարերի արանքում եղած լիցքերը քանդած են։

Դեպի հարավ դուրս ցցված արևելյան մասի երկու անկյունները ևս քանդված և քարերը հանված են որոշ բարձրությամբ, այդ պատճառով էլ պատի երկու երեսից հանված քարերի շնորհիվ միջուկը ևս քայքայվել է և պատի ստորին մասերը ծակվել, որով երկու տեղից վտանգավոր ճեղքեր են առաջացել վերևից ներքև։ Ճեղքերից մեկը մեջտեղից է դեպի արևմտյան անկյունը առաջացած, իսկ մյուսը՝ ուղիղ հարավ- արևելյան անկյունի վրա, որ բավականին առաջացել է և 3-4 սանտիմետր բացվել է։

Հյուսիսային պատն է, որ ավելի անվնաս է և ուղղահայաց կանգնած է։ Քարերը իրենց հիանալի շարքով կմնան և վրան պարզ նկատելի են զանազան դարաշրջանների վերանորոգման հետքերը։ Աստիճաններից վերև գրեթե մինչև կեսը նախնական շարքն է, որից վերևը վերանորոգվել է 6-7-րդ դարերում։