fbpx

Խոր Վիրապ

Խոր Վիրապ

ԱնվանումԽոր Վիրապ
ՎայրՀՀ Արարատի մարզ
Ամսաթիվ06․04․19

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

 

Վերև