fbpx

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումՈսկեպարի Սուրբ Աստվածածին Եկեղեցի
ՎայրՀՀ Տավուշի մարզի
Ամսաթիվ12.02.2022

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ:

Եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։

1975–1977 թվականներին եկեղեցին նորոգվել Է։

Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում մաստարայատիպ հուշարձանների շարքին։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը շարունակվում է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Եկեղեցու ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է 5-ից 7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։