fbpx

Վահրամաշեն Եկեղեցի

Վահրամաշեն Եկեղեցի

ԱնվանումՎահրամաշեն Եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ09.09.23

Վահրամաշեն եկեղեցին, երբեմն էլ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։

Վահրամաշեն եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։