fbpx

Ցաղաց քարի Վանք

Ցաղաց քարի Վանք

ԱնվանումՑաղաց քարի Վանք
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ20․04․24

Ցաղաց քարի վանք, Ցաղաց քար, (Ցախաց քար, Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար), կրոնական կառույց Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից, 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան վրա։ Կան պատմական տեղեկություններ եկեղեցու կառուցման մասին Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։

Պատմություն
Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ կապ ունի ծաղկած քար անվան հետ։ Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում 984-1029 թթ․ կառավարման շրջանում։ Կա շրջակայքում ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր եկեղեցին Սբ․Կարապետ եկեղեցին։ Գլխավոր եկեղեցին վերանորոգվել է 2013 թվականին[2]։

Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքումում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից՝ երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարաններ։ Հուշարձանախմբի հարավում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, հուշարձանախումբը կառուցվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թվականով։ Այս խումբ կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թվականին Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հուշարձանախմբի հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս․ Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Գմբեթատակ փոխանցումը առագաստային է, թմբուկը՝ ներսից և դրսից բոլորաձև։ Առանձնակի շեշտված է միակ՝ հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Լուսամուտների խորշերի և դեկորատիվ այլ ձևերում ակնհայտ է Սյունիքի ճարտարապետական դպրոցի ավանդական ձևերի կրկնումը, թեև առկա են նաև Անիի հուշարձաններին բնորոշ ձևեր։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։