fbpx

Տորմակավանք կամ Տորմակ եկեղեցի

Տորմակավանք կամ Տորմակ եկեղեցի

ԱնվանումՏորմակ եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ28.08.2022

Տորմակ եկեղեցի, 5-6-րդ դարերի հայկական եկեղեցի, գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում։ Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված՝ արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է։ Ընդգրկված է Գյուլագարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Գյուլագարակի Տորմակ եկեղեցին հայ ճարտարապետության սրահավոր միանավ[1] դահլիճների ինքնատիպ և լավագույն օրինակներից է։
Եկեղեցին հորինվածքով դահլիճի տիպի է, Օձունի գմբեթավոր բազիլիկի նման երեք կողմից շրջապատված սրահով[5]։ Բեմին հարավից կից է քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված ավանդատունը, որն արևելքից վերջավորվում է կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցու առանձնահատկություններից է դասական ճակտոնը, որի հորիզոնական գոտին զուգակցված է լուսամուտի պարակալին, կամարիկներով մշակված քիվը վերևից շրջանցում է լուսամուտը։ Ճակտոնի այսպիսի լուծումը զուտ հայկական արվեստին հատուկ դեկորատիվ ձև է։

Ներկայում Տորմակ եկեղեցին կիսավեր է։ Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը։ Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով։ Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է՝ զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը։ Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր։ Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյանից) շրջափակված է եղել 210 սմ լայնությամբ արտաքին սրահով, որի արևմտյան թևը եզերվել է հոծ պատով՝ միջին մասում ունենալով կամարակապ բացվածք (203 սմ լայնությամբ)։ Երկայնական թևերում, որ ունեցել են ոչ սիմետրիկ լուծում, հիմնականում պահպանվել են արտաքին պատի ստորին շարքը, հարավային թևի արևելյան վերջավորության պայտաձև խորանը։ Աղոթասրահը (12,9×5,6 մետր) և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են։ Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում՝ մոտ երկու-երեք մետր հատվածներ։ Սրահն արևմտյան կողմում ունեցել է կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել։ Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր։ Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս՝ զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով։

Եկեղեցին շրջապատված է եղել պարսպով, որի մնացորդները կան արևմտյան և հյուսիսային կողմերում՝ 20-25 մետր հեռավորության վրա։