fbpx

Տեղեր (Դղեր) Վանական համալիր

Տեղեր (Դղեր) Վանական համալիր

ԱնվանումՏեղեր (Դղեր) Վանական համալիր
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ16․05․2020

Տեղերի (Դղերի) Վանական համալիրը (XIII դ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։ Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232 թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։