fbpx

Տաթեվի Վանք

Տաթեվի Վանք

ԱնվանումՏաթևի Վանք
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ01․06․19
Թարմացվել է16․03․24

Տաթևի վանք

ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում է գտնվում Տաթևի վանքը, որը համարվում էր միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոնը: Վանքը VIII դարի վերջից եղել է նաև Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: 

Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ.-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ`   Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ: 

Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930 թ.-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով տեսարաններ:  Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թ.-ի երկրաշարժից.  վերականգնվել է 1274 թ.-ին: 1931 թ.-ի երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–1990-ական թվականներին:

 

895 թ.-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–1912 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը: 

 

906 թ.-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը: 1087 թ.-ին վանքի դարպասի և նրան կից դամբարանի ծածկերի վրա կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին: 1295 թ.-ի երկրաշարժից կործանված Սբ Գրիգոր եկեղեցու (848 թ.-ին կառուցել էր Ֆիլիպե իշխանը) տեղում Ստեփանոս Օրբելյանը կառուցել է թաղածածկ դահլիճի հորինվածքով նոր՝ Սբ Գրիգոր եկեղեցին: Արևմտյան մուտքի առջև կանգնեցվել է բարձր, եռաստիճան զանգակատուն, 1787 թ.-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը:  XVII– XVIII դարերում վանքի շուրջը կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով ամրացված պարիսպներ, կից՝ խցեր, սեղանատունը, առաջնորդարանի երկհարկ շենքը և այլ շինություններ:

 

Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է XVII դարի վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է: Տաթև գետի վրա կանգուն է 1672 թ.-ին կառուցված  միաթռիչք (7,2 մ), գլանաձև թաղով կամուրջը: Վանքի արևելյան պարսպին ուղղահայաց ձգվում է 74 մ երկարությամբ դպրոցի շենքը (XVIII դար), որը գործել է մինչև XX դարի սկիզբը (բացվել է 1981–1982 թթ.-ի պեղումներով):

 

Տաթև գյուղի կենտրոնում կանգուն է 1646 թ.-ին կառուցված Սբ Մինաս եկեղեցին: Տաթևի վանքի դիմաց՝ ձորի հակադիր կողմում, պատմական Տամալեք գյուղի միանավ, թաղածածկ Սբ Աստվածածին եկեղեցին (X դար) է, իսկ Տանձատափ տեղամասից հյուսիս՝ Ցուրավանքը:

 

1974–1998 թ.-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ.-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, որ Տաթևը 1919–1921 թթ.-ին եղել է Լեռնահայաստանի կառավարության (Գարեգին Նժդեհի գլխավորությամբ) նստավայրը:

 

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ.-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ (աշխարհում`   ամենաերկարը, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում):