fbpx

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի

ԱնվանումՍուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ26․03․22
Թարմացվել է09.09.23

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից)։ 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա։

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր։ Առաքել Դավրիժեցին գրել է.

… հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ… այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ։

 

1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը։ 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել։ Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով)։ Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով։ Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով (հյուսիսը փակվել է, իսկ հարավը բացվել է դեպի ավանդատուն)։
1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին։ 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով։ 1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել։

1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով։