fbpx

Մուղնիի Սուրբ Գեվորգ եկեղեցի

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի

ԱնվանումՄուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ08․09․17
Թարմացվել է15․04․23

Սուրբ Գևորգ եկեղեցի, եկեղեցի։ Գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին։

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։ Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830 թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839 թվականին՝ կայծակից փշրված գմբեթի ծայրը։ Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները։ 1863 թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870 թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889 թվականին շարադրել է վանքի պատմությունը։ 1895 թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիսարևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը։ Համալիրի հյուսիսարևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ։ Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը։ Աբսիդի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, Սբ. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման, Ստեփանոս Նախավկային, Սբ. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող 19-րդ դարի որմնանկարներ են։ Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։ Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։