fbpx

Սպիտակավոր Վանք

Սպիտակավոր Վանք

ԱնվանումՍպիտակավոր Վանք
ՎայրՀՀ Վայոց Ձոր
Ամսաթիվ25․04․21

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին Վանք (երբեմն՝ Ծաղկավանք), հայկական վանքային համալիր Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։

Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդ) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու «Սպիտակավոր»։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին՝Ամիր Հասանը։ Եկեղեցին ըստ ճարտարապետական հորինվածքի գմբեթավոր սրահ տիպի պարզեցված տարբերակն է, աբսիդի երկու կողմում փոքրիկ ավանդատներով։ Գմբեթավոր փոխանցումը առագաստային է, թմբուկը բոլորաձև է թե՛ ներսից և թե՛ դրսից։ Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է, կիսակլոր ճակատակալ քարով, որի վրա պատկերված Աստվածամայրը՝գրկում Հիսուսը հայկական միջնադարյան քանդակագործության արվեստի նշանավոր նմուշներից է, այս բնույթի քանդակների մեջ ամենագեղեցիկը Հայաստանում։ Հատկապես ուշադրության աժանի արևելյան աբսիդի կոնխի վրայի Քրիստոսի ամբողջական քանդակը, որի երկու կողմում մակագրված է «Յիսուս Քրիստոս»։

Բեմի վրա եղած վեմաքարի մի կողմի վրա քանդակված է մի մարդու բարձրաքանդակ` հոգևորականի հագուստով, ձեռքերը դեպի վեր մեկնած։ Իսկ գմբեթի հիմքի կամարի վրա եղած հինգ սրբապատկերներ բարձրաքանդակներըմ ոմանց կարծիքով պատկերված է Քրիստոսը և չորս ավետարանիչները, ոմանց կարծիքով էլ Հայր Աստվածը՝ հրեշտակների խմբով։

Հուշարձանը շքեղորեն զարդարված է բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով և զանազան բարձրաքանդակներով, որոնք մշակված են վերին աստիճանի նուրբ ու գեղեցիկ ձևերով։ Բացի մուտքի ու լուսամուտների շրջանակների արևմտյան անկյունների մեծ խորշերի գագաթների զարդաքանդակներից, նույն ստալակտիտ քանդակներով է պատված նաև հյուսիսային պատմի մեջ փորված մկրտության ավազանի գավաթը։

Նժդեհյան ուխտատեղի
Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան։

Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987[2] թ. հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ (Սպիտակավորում աճյունն ամփոփելու հիմնական պատճարը ԿԳԲ֊ի կողմից Խուստուփում ամփոփված աճյունը առգրավվելու դեպքում, գոնե մյուս մասի փրկությունն էր)։ 1987-ից սկսած ամեն տարի հունիսի 17-ին, բազմաթիվ նվիրյալ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր։1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը։Որի վրա գրված է․«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», իսկ ներքևում՝ ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․«Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։

Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից, եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։

Հուշարձանախումբը վերանորոգվել է 1960-1970-ականներին և 2006 թվականին։