fbpx

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սեվանավանք

ԱնվանումՍեվանավանք
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ10․08․19
Թարմացվել է16.09.23

Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։

Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է: