fbpx

ՍԵԴՎՈՒ ՎԱՆՔ ( ՍԵԴՎԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ )

Վանական համալիր Սեդվու Սբ. Նշան

ԱնվանումՎանական համալիր Սեդվու Սբ. Նշան
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ21.06.2020

Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում: Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ: Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է XIII դարում [2]: Այն ուղղանկյուն (8,8 X 7,0 մ չափերով) միանավ դահլիճ տիպի եկեղեցի է` ծածկված կիսագլանաձև թաղով, որը հենված է երեք զույգ որմնասյուների վրա: Որմնամույթերն իրար հետ կապված են երկայնական պատերին կից երեքական որմնակամարներով (այս ճարտարապետական հորինվածքը լայն տարածում ուներ Լոռվա 13-րդ դարի այլ հուշարձաններում` Քոբայրում, Մեծավանի Սուրբ Հովհաննեսում և այլն): Արտաքին հարդարանքը զուսպ է: Համեմատաբար շեշտված են շքամուտքերի եզրակալները, որոնք ունեն կիսաշրջանաձև և սլաքաձև վերնամասեր: Եկեղեցու կտուրը երկլանջ է, ունի մեծ թեքություն, որով պայմանավորված է ճակտոնների վերասլացությունը: Այն կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Եկեղեցու արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ առաջ ընկած ցածրադիր բեմով: Եկեղեցին ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսային մուտքը բացվում է դեպի մատուռը):

Հարավային մուտքից առաջ գտնվում է քառակուսի հատակագծով կամարակապ սրահ, որը նույնպես կառուցվել է XIII դարում: Այն ծածկված է ութաթև թաղով, որն ունի եռանկյունաձև նիստեր և զուգակցված է միջին մասի փոխուղղահայաց գոտիների հետ, որտեղ անցումը քառակուսի հիմքից իրականացված է եռանիստ տրոմպների միջոցով:

Եկեղեցու հյուսիսային պատին կից հետագայում կառուցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի: Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ (5.9 Ղ 3.8 մ), թաղածածկ է: Մատուռն ունի միալանջ կտուր, որը եկեղեցու կտուրի հյուսիսային լանջի շարունակությունն է կազմում: Մատուռը նույնպես կառուցված է XIII դարում:

Վանքի տարածքը շրջապատված է եղել անկանոն պարիսպներով, որոնք կառուցված են եղել կապտավուն բազալտի մեծ քարերով: Պարիսպն հարավային և արևելյան կողմերից ունեցել է 2 կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ: Ներկայումս մնացել են միայն պարսպի չնչին հետքերը:

Վանքից մոտ կես կմ հեռավորությամբ գտնվող “Ղուլի Ղաշ” կոչվող վայրում եղել է Սեդվու ամրոցը (“Սեդվա ղալա”), որից չնչին մնացորդներ են պահպանվել: Համեմատաբար լավ վիճակում է եռահարկ աշտարակաձև կառույցը, որի 3 հարկում էլ եղել են քառակուսի հատակագծով սենյակներ, որոնք ունեցել են դրսից բացվող մուտքեր:

Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ: Սեդվու ձորում կան հին գյուղատեղեր, միջնադարյան գերեզմանոցներ և մեծաթիվ խաչքարեր: