fbpx

Սբ․ Գրիգոր Լուսավորչի տաճար (Անի)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Անի)

ԱնվանումՍբ. Գրիգոր Լուսավորչի տաճար
ՎայրԱրևմտյան Հայաստան

ԳագկաշենԳագիկաշեն կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճար, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։ 1001−10 թթ. կառուցել է ճարտարապետ Տրդատը, Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝ մայրաքաղաքում վերակերտելով ավերակ Զվարթնոցի տիպարը։ Կառույցի ավերակները բացվել են 1905−06 թթ. պեղումներով։ Թորոս Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, պեղումներով Գագիկ Ա Բագրատունու՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը, արձանի հայտնաբերմամբ։

Կառույցը եռաստիճան (եռահարկ) դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածք է, որի հատակագծային հիմքը շրջանց սրահի մեջ ներառնված քառակոնքն է (սյունակազմ կոնքերի միջև չորս հուժկու մույթեր են)։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։

1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։