fbpx

Սանահին Վանք

Սանահին Վանք

ԱնվանումՍանահին Վանք
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ01․08․19
Թարմացվել է12.08.23

Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա[2]։

Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[3]։

 

Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք): 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար[4], հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը:

979 թվականին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը), և Տաշիրքի թեմակալ է ձեռնադրվել Եսային: Երևելի վանահայրերից էր «մեծ հռետոր» հռչակված Դիոսկորոս Սանահնեցին (1039-1063): Նրա օրոք կառուցվել են գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրան աշակերտել, դպրոցում դասավանդել ու ստեղծագործել են գիտնական վանականներ Անանիա Սանահնեցին և Հակոբոս Քարափնեցին: Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ: Ըստ ավանդության՝ դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»[5]:

11-րդ դարի 2-րդ կեսին սկսված սելջուկյան արշավանքների ու նրանց տիրապետության ընթացքում, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության անկումից հետո (1113) Սանահինի վանքը ապրել է տևական վատթար ժամանակաշրջան: 12-րդ դարի վերջին Տաշիրք գավառի կազմում դառնալով Զաքարյան իշխանների սեփականությունը՝ վանքը վերականգնել է իր դերը երկրի հոգևոր ու գիտամշակութային կյանքում: Այդ շրջանում կատարվել են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ: 12-րդ դարի 80-ական թվականներից մինչև 13-րդ դարի 30-ական թվականներին կառուցվել են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը, կանգնեցվել են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի բարձրարվեստ խաչքարերը, նորոգվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը, իսկ գյուղում՝ աղբյուր:

12–13-րդ դարերում Սանահինի վանքում հայտնի էին վանահայրեր Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին (Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների ուսուցիչը), Վարդանը: Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը, որի «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց» գիրքը ծառայել է նաև որպես ուսումնական ձեռնարկ: Գրիգոր րաբունապետը վանքին նվիրել է 13 ձեռագիր, գրել այլ աշխատություններ: Վանքի բնականոն գործունեությունը դարձյալ ընդհատվել է 1230-ական թվականներից սկսված մոնղոլական արշավանքների և նրանց տիրապետության ողջ ընթացքում: 14-րդ դարի սկզբին թուլացել և դարավերջին տրոհվել է Զաքարյանների իշխանական տունը, և Սանահին գյուղը շրջակայքով ու վանքով դարձել նրանց շառավիղների՝ Արղության-Երկայնաբազուկների սեփականությունը (մինչև 20-րդ դարի սկիզբը):

14-15-րդ դարերում Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը (այդտեղ գրչագրված ձեռագրերից 35-ը պահվում է Մատենադարանում): Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկը» (ձեռ. № 3032), որը բովանդակում է վանքի ժամանակագրությունը, արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ:

17-րդ դարի կեսին՝ Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի առաջնորդության օրոք, էապես նորոգվել են ժամանակի և երկրաշարժերի ազդեցությամբ վնասված վանքի հիմնական կառույցները: 1831 թվականին հյուսիսային պարսպին կից միակամար աղբյուր է կառուցել վանքի տոհմիկ առաջնորդ Հարություն արքեպիսկոպոս Տեր-Բարսեղյանցը (ճակատին պահպանվել է նրա չափածո արձանագրությունը), կատարել է նաև վիմագրությունների վերծանման և կառույցների նորոգման աշխատանքներ: 20-րդ դարի սկզբին վանքի գործունեությունը դադարել է:

Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում Սանահինի վանքը որպես պատմամշակութային հուշարձան եղել է պետական պահպանության ներքո, կատարվել են կառույցների ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը: