fbpx

Սաղմոսավանք

Սաղմոսավանք

ԱնվանումՍաղմոսավանք
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ08․03․19
Թարմացվել է15․01․22

 Սաղմոսավանքը գտնվում է Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին՝ Սաղմոսավան գուղի արևելյան կողմում: Քասախի կիրճը այստեղ ունի ամենամեծ խորությունը՝ 180 մ։

  Ըստ ավանդության, վանական միաբանությունը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Մինչև XIII դար այստեղ քարափոր անապատներ էին:

Բուն համալիրը կազմավորվել է XIII դարում, բաղկացած է երկու եկեղեցիներից, գավիթից և գրատնից: Մեծ է կապը հարակից Հովհաննավանքի հոգևոր և մշակութային կյանքի հետ:  

Հիմնադրումից՝ միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքի կարևորագույն կենտրոններից է:

Վանական միաբանության հիմնումը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: IV դարում նա  ճգնում է այս վայրերի քարանձավներում՝ հիմք դնելով տեղի ժայռափոր անապատների: Արդեն X-XI դարում անապատնեևը կարևոր դեր էին խաղում Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքում:

XII դարի վերջում, երբ Զաքարյանները ազատագրում են Արագածոտնը սելջուկ-թուրքերից, տեղի իշխանությունը հանձնում են Վաչե Վաչուտյանին,  ով այստեղ՝ ի պատիվ Լուսավորչի, հիմնում է համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Սիոնը, կից գավիթը: Նրա որդի Քւրդը հիմնում է այստեղ վանական գրատունը:

 1243 թ-ին Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով Սահմոսավանքն անցնում է Հովհաննավանք կենտրոնով Ամբերդի եպիսկոպոսական թեմին: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մամիկոնյան – Համազասպյան տոհմի ներկայացուցիչները: XVI դարից միաբանությունը մաս է կազմում Երևանյան, իսկ ապա՝ Արարարատյան թեմի:

 XIV-XVI դարերում վանքի տարածքը մտել է մոնղոլական, ապա` կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ Երևանի կուսակալության, հետո՝ Երևանի խանության կազմում էր: Թուրք — պարսկական պատերազմների ավարտից հետո մշակութային կյանքն այստեղ կրկին ակտիվանում է: Այն կրկին ստանձնում է մշակութային կենտրոնի և ուսումնական կարևորագույն հաստատության դերը:

 Սաղմոսավանքն անշքանում է XVIII դարի երկրորդ կեսից: Վանական միաբանությունը խիստ տուժում է վրաց Հերակլես II-ի և Թեյմուրազ թագավորների կողմից վարվող ռազմական գործողություններից, 1753—1754 թթ. լեզգինների ասպատակություններից, ավիրվում և արդեն XIX դ. սկզբին դադարում գոյություն ունենալուց:

 Վանքը խիստ տուժում է նաև 1827 և 1840թթ. երկրաշարժերից: 1890թ. այստեղ նորոգումներ է կատարել Խրիմյան Հայրիկը։

 1828թ ռուսական կայսրական իշխանության հաստատումով վանքի շրջակայքը սկսում է շենանալ: 1830 թվականին՝ Կարսից այստեղ մեծ թվով փախստականներ են բնակեցվում:

 Վանքը նորոգվել է 2001թ. – ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով: 1996 թվականից Սաղմոսավանքն ընդգրկվել է Արագածոտնի թեմում: