fbpx

Քոբայրի Վանք

Քոբայրի Վանք

ԱնվանումՔոբայրի Վանք
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ30․05․21

Քոբայրի վանք

Քոբայրի վանք կամ Քոբայրավանքը ՀՀ Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում գտնվող վանք է: Կառուցվել է 1171թ. Բագրատունի հարստության Կյուրիկյան ճյուղի իշխաննների կողմից:

Քոբայրի վանքը հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: 13-րդ դարի սկզբներին վերածվել է որպես քաղկեդոնական: Քոբայրի վերաբերյալ հնագույն հիշատակությունները պահպանվել են XIII դ. պատմիչներ Վարդան Արևելցու ու Մխիթար Այրիվանեցու մոտ: Վանքը պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին, ապա, անցնելով Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչներին, XIII դ. կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի: Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից և շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով: Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ մատուռների ավերակներ, խաչքարեր: Քոբայրի հնագույն կառույցը Մարիամաշեն միանավ, թաղածածկ եկեղեցին է`   տեղադրված համալիրի արևելյան մասում, ժայռի եզրին: Ըստ բարավորի վրա պահպանված շին. արձանագրության (1171), կառուցել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը: Եկեղեցուն հետագայում հարավից կցվել է ուղղանկյուն հատակագծով մատուռ: Քոբայրի գլխավոր եկեղեցին (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ) գտնվում է վանքի հարավ-արևելյան մասում: Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով:

Աղոթասրահն արևելքից ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որը լուսավորվում է երկու շարքով տեղադըրված հինգ պատուհաններով: Եկեղեցու արլ. ճակատը մշակված է քանդակազարդ պարակալներով պսակված պատուհաններով և ճակատի ուղղաձիգ առանցքը շեշտող բարձրաքանդակ խաչով: Եկեղեցին 1276-ին վերանորոգել է Շահնշահ Զաքարյանի որդի Գիորգի աբեղան: Սալարկվել են եկեղեցու սրահն ու բակը, ամրացվել ու նորոգվել խարխլված հատվածները (այժմ եկեղեցին կիսավեր է): Գլխ. եկեղեցուն հս-ից կցվել է մատուռ-ավանդատունը: 1279-ին Շահնշահ Զաքարյանի որդի Մխարգրձելին և նրա կին Վանենին կառուցել են վանքի զանգակատուն-տապանատունը՝ արլ-ում խորանով սրահ, ութասյուն զանգաշտարակով (պահպանվել են միայն սյուների խարիսխները): Հատակը ծածկված է տապանաքարերով: Վանքի հս. կողմում, գլխ. մուտքի դիմաց թաղածածկ, միանավ, երկրորդ եկեղեցին է (XIII դ.): Քոբայրի սեղանատունը (XIII դ.) գտնվում է տապանատուն-զանգակատնից արմ.: Ք. եզերող բարձր պարսպապատերից պահպանվել են միայն հս. և արլ. հատվածները: Քոբայրում են թաղված Զաքարե Բ Զաքարյանի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ Գիորգին, Մխարգրձելին և եղբայրը՝ աթաբակ Վահրամը:

Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը: Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը: Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը: Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ հրեշտակապետները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Բարսեղ Մեծը, ս. Հովհաննես Ոսկեբերանը և ս. Կյուրեղ Ալեքսանդրացին: Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է: Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «Հաղորդությունը», ներքևում՝ սրբերը: Արմ. և հս. պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ ս. Գևորգի առջև կանգնած:

Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստ. միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղ. արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը են):