fbpx

Օհանավանք-Հովհանավանք

Օհանավանք-Հովհանավանք

ԱնվանումՕհանավանք-Հովհանավանք
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ08․03․19
Թարմացվել է15․01․22

Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ:

Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքը գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից:

Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։ 1243 թ-ին Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով։ 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի ներկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը։ Հետագայում այս թեմը կոչվել է Հովհաննավանքի թեմ և խիստ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակաշրջանի հոգևոր կյանքում, առանձնապես 1441 թ-ին՝ Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու ժամանակ։ Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր։ Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր։ Հովհաննավանքում իր ողջ կյանքն է անցկացրել միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին /17-րդ դար/: