fbpx

Օձուն Վանական Համալիր

Օձունի Տաճար

ԱնվանումՕձունի Տաճար
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ30․05․21
Թարմացվել է19․03․22

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։

Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ

Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801 թ., 1888 թ.)։ 19-րդ դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն ներկան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր՝ Եղիսաբեթի տապանաքարի վրա։

Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Օձնեցի շինարար վարպետ Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի ընդհանուր տեսքը։

Գերեզմանատունը գտնվում է եկեղեցու շուրջ, կան 13-20-րդ դդ. բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր։ Խորհրդային տարիներին հուշարձանի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 1938 թ., 1949-1950-ական թթ., 1977, 2013 թթ.։

Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից շրջապատող արտաքին սրահը՝ բաց խորանով։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։