fbpx

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս Եկեղեցի

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս Եկեղեցի

ԱնվանումՆոյեմբերյանի Սուրբ Սարգիս Եկեղեցի
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ12․02․2022

Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, 1903թ. այն նորոգվել է: Եկեղեցու տանիքի ծածկի համար օգտագործվել են Իտալիայում պատրաստված գեղեցիկ կղմինդրեր: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործվել է որպես Նոյեմբերյանի խորհրդային տնտեսության պահեստ:

Հայաստանի անկախացումից հետո վերադարձ կատարվեց հոգեւոր արմատներին, Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին դարձավ աղոթատեղի: 1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցին բավականաչափ տուժեց:

 

Դրանից հետո եկեղեցու դահլիճում հոգեւոր արարողություներ չէին կատարվում, դրանք կայանում էին եկեղեցու տարածքում գտնվող հովվատանը: Սակայն փոքրիկ հովվատունը չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, ովքեր շնչահեղձ էին լինում խնկի եւ վառվող մոմերի հոտից: 

 2005-2006թթ. Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնանորոգվեց: Հայտնի նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ծագումով Նոյեմբերյանի քաղաքից Հենրիկ Մամյանը ցանկանում էր հարազատ քաղաքին նվեր մատուցել` որմնանկարներով զարդարելով Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը: Նա 2010 թվականին սկսեց եկեղեցում որմնանկարների էսքիզները նկարել:

 

Մայրաքաղաքում բնակվող, բազմազբաղ Հենրիկ Մամյանը քիչ ժամանակ էր ունենում հեռավոր Նոյեմբերյան մեկնելու, այդ գործը կատարելու համար: Ցավոք, 2014 թվականին, 70 տարեկան հասակում Հենրիկ Մամյանը կյանքից հեռացավ: Նրա աղջիկները՝ Լուսինն ու Զառան ցանկություն հայտնեցին ավարտել իրենց հոր գործը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը հայտնեց, որ 2016թ. սեպտեմբերին Հենրիկ Մամյանի աղջիկները եկեղեցու պատերից մեկի վրա նկարել են իրենց հոր արած էսքիզի ուրվանկարը: Դրանից հետո, սակայն, գործը կանգ է առել: Հայտնի չէ, թե երջանկահիշատակ Հենրիկ Մամյանի երեւանաբնակ դուստրերը ե՞րբ են վերսկսելու կիսատ մնացած գործը: Արդեն 7 տարի հոգեւոր օջախում շինարարական տախտակամած է: