fbpx

Մաստարաի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Մաստարաի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

ԱնվանումՍուրբ Հովհաննես Եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ07.04.24

Սուրբ Հովհաննես եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարայատիպ» եկեղեցիներ։

Ճարտարապետություն

Հատակագիծ
Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպներն այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարքի տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։

Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։

Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունն աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։ Մաստարայատիպ են Ոսկեպարի (6-րդ դ.), Արթիկի Մեծ (7-րդ դ.), Հառիճի վանքի (7-րդ դ.) և Կարսի Առաքելոց (10-րդ դ.) եկեղեցիները։