fbpx

Մակարավանք

Մակարավանք

ԱնվանումՄակարավանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ24․06․17

Մակարավանք

Մակարավանքը Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր է: Ներկայումս այն գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում:

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանք վանական համալիրի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:

Գլխավոր եկեղեցին և գավիթը: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատա¬կագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն: Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը: Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով: Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ: Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ: Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին: Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը:

Հնագույն եկեղեցին: Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում: Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով: Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով: Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ: Գմբեթի թմբուկը գլանաձև է: Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով: Եկեղեցու կառուցման ժամանակը`   դատելով նրա ոճից, կարելի է համարել XI — XII դդ:

Մակարավանքի երկրորդ`   հնագույն եկեղեցին (10-11-րդ դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ 13-րդ դարում. վերակառուցված ծածկը և գմբեթը`   նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ`   հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի: Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին: Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է: Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ: Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի: Ւր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն:

 

Մատուռ: Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ:

 

Այլ կառույցներ: Աղբյուրի շենքը պեղումներից հայտնաբերվել է վանքի պարսպից դուրս, մոտ 100 մ հյուսիս-արևելք: Պատերը արտաքինից և ներսից երեսապատված են սրբատաշ քարերով: Ջուչը կավե խողովակներով բերվել է Պայտաթափ սարալանջից, որը այժմ էլ հոսում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում : Դարպասը փորված է մի ժայռաբեկորի մեջ՝ 3,5 մ լայնության բացվածքով: Սինչև հիմա էլ պահպանվել է կամարաձև թաղը, որը հենվում է երկու կողմերում կանգնած ժայռերի վրա: ճակատային մասում ունեցել է սրբատաշ քարեր: Օժանդակ տնտեսական շենքերից պահպանվել և ամբողջական են մնացել հուշարձանախմբի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու մեծ սենյակների 2 — 3 մ բարձրությամբ պատերը և բուխարու խորշը: Գլխավոր եկեղեցուց հարավ հիմնապատեր են, որտեղ պահպանվել են Բազազ իշխանի որդի Վարդանի շինարարական արձանագրություն ունեցող խաչքարի երկու բեկորները: Գերեզմանոցներց հինը գտնում է վանքի հարավ-արևմտյան կողմում, պարսպից դուրս, ընգարձակ սարալանջին, մյուսը վանքի դարպասից փոքր ինչ արևմուտք: Գերեզմանոցներում կան տապանագրեր և մի քանի խաչքար՝ ճոխ զարդաքանդակներով:

 

Վերև