fbpx

Կապտավանք

Կապտավանք

ԱնվանումԿապտավանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ14․07․19
Թարմացվել է27.06.21

Կապտավանք

Հայ Առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Ընդգրկված է Չինչինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կապտավանքը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նա­հանգի Տուչկատակ գավառում՝ ներկայիս Հայաստանի Հանրապե­տության Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ Նավուր տանող ճանապարհից ցած, Հախում գետակի աջ կողմում, ընդարձակ, դեպի ձորը հակված թեքություն և գեղեցիկ դիրք ունեցող անտառի բացատում, ձորափից քիչ հեռու։ Բացատը, որի կենտրոնից աղբյուր է սառնորակ աղբյուր է բխում, երեք կողմից պատված է անտառապ բարձր քարաժայռերի աղեղնաձև շղթայով, որի ծայրն ընդուպ մոտենում է ձորաձին, վանքի մոտ: Բացատի չորրորդ՝ հյուսիս-արևելյան կողմից ընդարձակ, հիանալի տեսարան է բացվում հասանի-ջուր գետակի երկար ձորի վրա, որը երկու զուգահեռ ընթացող անտառապատ լեռնաշղթաների միջով ձգվում է մինչև Պառավաքար այն կողմ և միանում մերձկուրյան տափաստանին: Ծովի մակերևույթից բարձր է 1378 մետր։

Կապտավանքի մասին մատենագրության հիշատակություններ չկան: Վիմագրությունից հուշարձանի անունը պարզել հնարավոր չէ: Արձանագրություններում 7 տեղ հիշատակված է «եկեղեցի», մի տեղ «կաթողիկե» և մի տեղել էլ «վանք» բառերը, առանց որևէ անուն տալու: «Կապտավանք» անվանումը որևէ հիմնավորված բացատրություն չունի: Այդ անունը ծագել է հուշարձանի քարերի գույնից (կապտագույն բազալտ):

Կապտավանքը փոքր չափերի անպաճույճ վանական համալիր է, կառուցված կապտագույն բազալտի մեծ ու միջակ մեծության, կոփածո, փեփևակի ձևավորված քարերով, զոդված կրաշաղախով: Արտաքին տեսքով եկեղեցին մեծապես ներդաշնակվում է շրջակա բնությանը:

Ներկայումս վանական համալիրը միայն մի շենք ունի՝ եկեղեցին: Եկեղեցուն կից եղել են ժամատուն և մոտակայքում միաբանության բնակելի շենքեր, իսկ շուրջը՝ գերեզմաններ: Սակայն ներկայումս այդ բոլորից որևէ հետք չի մնացել:

Կապտավանքի եկեղեցին դրսից երկարավուն քառակուսի ձև ունի, երկարությունը(արևելքից արևմուտք) 11.4 մետր, իսկ լայնությունը՝ 9.46 մետր: Շենքը ներսից խաչաձև է, աբսիդը խորն ընկած: Աբսիդի երկու կողքերին և շենքի հյուսիս-արևմտյան անկյուններում տեղավորվծ են չորս փոքրիկ խորաններ (ավանդատուններ), երկարավուն քառակուսի հատակագծով: Խորանների նեղ և ցածրիկ մուտքերը բացված են, արևելյան զույգինը եկեղեցու հյուսիային և հարավային պատերին կից, իսկ արևմտյանը զույգինը՝ նույն կողմի պատին կից: Խորանների դեպի եկեղեցու կենտրոնը նայող անկյուններիվրայից բարձրանում ենգմբեթի ծանրությունը կրող չորս փոքրիկ կամարներ: Խաչթևերը թաղապատ են: Լուսավորությունը շատ աղոտ է, սակավաթիվ նեղ ու կարճ լուսամուտների պատճառով, որոնց մեծ մասը դրսից պատի մեջ բացված ճեղքերի են նմանվում: Ամենամեծ լուսամուտը, որը բացված է աբսիդի արևելյան պատի մեջ, դրսից 0.47 մետր բարձրություն ունի, իսկ գմբեթի չորս գլխավոր կողերի և խորանների մեկական լուսամուտների բացվածքները դրսից 20-29 սանտիմետր բարձրություն ունեն: պատերի հաստությունը միաչափ չէ ամեն տեղ. դրանց թանձրությունը տատանվում է 0.8-ից մինչև 1.07 մետրի միջև: Հուշարձանն ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, 1.46 մետր x 1.15 մետր բացվածքով: Խաչաձև տանիքի կենտրոնից բարձրանում էութ կողանի գմբեթը, որի թմբուկի բարձրությունը, հաշված սագերի ցվիկից մինչև վեղարի քիվը, 2.77 մետր է:

Հուշարձանը որևէ զարդարանք չունի: Արտաքին տեսքին բազմազանություն է տալիս միայն գմբեթի վեղարի տակի քիվը և դրանից ցած թմբուկի քարերի վերին շարքը, որոնք սրբատաշ վարդագույն տոֆից են շինված, այն էլ վերանորոգություններից մեկի ժամանակ: Պատերի վերջին վերանորոգությունը կատարված է ավելի մանր քարերով, առանց քարաշարքերի հորիզոնական գծերը պահպանելու:

Ներկայումս հուշարձանը կանգուն է: Քանդված են արևմտյան և հարավային խաչթևերի թաղերը և թափված են տանիքի և վեղարի երեսպատ սալերը, ինչպես և պատերի վերին շարքերը:

Կապտավանքի եկեղեցու կառուցողը հմուտ ճարտարապետ չի եղել կամ եկեղեցին կառուցվել է առանց որևէ մասնագետ շինարարի ղեկավարության, պարզապես սովորական որմնադիրների ղեկավարության, պարզապես սովորական որմնադիրների ձեռքով: Սակայն շենքի պատկերը չեն աղավաղել, ընդհանուր տեսքը մնացել է իր պարզությամբ տպավորիչ: Եկեղեցու համաչաձությունը երբեմն խախտված է շինարարների կողմից.

հյուսիս-արևելյան խորանի չափերը՝ 2.28 մետր x 1.8 մետր, մուտքի բացվածքը՝ 0.6 մետր

հարավ-արևելյան խորանի չափերը՝ 1.94 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.72 մետր

հյուսիս-արևմտյան խորանի չափերը՝ 2.15 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.9 մետր

հարավ-արևմտյան խորանի չափերը՝ 2.43 մետր x 1.03 մետր, մուտքի բացվածքը՝ 0.8 մետր: 

Ենթադրվում է, որ եկեղեցու անվանումն առաջացել է կապտավուն քարով կառուցված լինելու պատճառով։ Որմերին պահպանվել է ԺԳ-ԺԴ դարերին վերաբերող միայն նվիրատվական բնույթի 9 միավոր արձանագրություն՝ 1234-1243 թվականներին։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243)։

Եկեղեցու տարածքում պահպանվել են միջնադարյան խաչքարերի բեկորներ։ Հարավ-արևելքում միջնադարյան գերեզմանոցի մնացորդներն են։

Կապտավանքի եկեղեցին ուշագրավ և առանձնահատուկ է ոչ այնքան հորինվածքային լուծումներով, որպիսիք զարգացած միջնադարում բավականաչափ լայն տարածում են ունեցել ողջ Հայաստանում, որքան գեղարվեստական յուրօրինակությամբ՝ լավագույնս հաստատելով, որ ամենափոքր քանակությամբ սրբատաշ քարի գործածումով ինչպես կարելի է ընդգծել գլխավորն ու շեշտելին և հասնել հանճարեղ ներդաշնակության։

Կապտավանքը վիմական արձանագրություններով հարուստ չէ: Եկեղեցու պատերինյ պահպանված կան միայն 9 արձանագրություններ: Արձանագրությունների մեծ մասը քարի (բազալտ) կարծրության պատճառով խոր չեն փորագրված. մի քանի արձանագրություններում էլ փորագրիչները գրերին կանոնավոր ձև չեն տվել, կամ բառերի մեջ որոշ գրեր և վանկեր բաց են թողել, որով վերծանումը դժվարանում է: Ստորև ներկայացված է 9 արձանագրություն. 9-րդ արձանագրությունը՝ հարավային մուտքի աջ ակողմյան ցածի խորշի քարի վրա, դժվար ընթեռնելի է: