fbpx

Պետրոսի Վանք (Ջուխտակ Վանք)

Պետրոսի Վանք (Ջուխտակ Վանք)

ԱնվանումՊետրոսի Վանք (Ջուխտակ Վանք)
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ16․05․18

Պետրոսի Վանք (Ջուխտակ Վանք), հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին[1]։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։ կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։ Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝

 

1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության… խանին… ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։

 

Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։

Վանքային համալիրի ներկա վիճակ

1973-77 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից վանքային համալիրում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես՝ երկաթե կոնստրուկցիայով ամրացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև վերջինիս արևելյան հիմքը։ Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քանդված է, պատերի վրա առկա են ճաքեր, արևելյան հիմքը սողանքների պատճառով թուլացել է։ Գերեզմանոցի տապանաքարերը խիստ անմխիթար վիճակում են։ Վանքային համալիրը պարբերաբար ենթարկվում է նաև վանդալիզմի։ Եկեղեցիների ներսում և դրսում տեղադրված խաչքարերը ամբողջությամբ, իսկ խորաններն ու պատերը մասամբ այրված են, քանի որ այցելուներն ու զբոսաշրջիկները հիմնականում մոմերը վառում են հենց դրանց վրա, իսկ 2009 թ.-ին երիտասարդ աղջիկներից ու տղաներից բաղկացած մի խումբ սպիտակ յուղաներկով գրոտել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերը ներսի կողմից։ Պարբերաբար եկեղեցիների պատերին ավելանում են ժամանակակից փորագրություններ սիրո խոստովանությունների և անհատների անուն-ազգանունների տեսքով։