fbpx

Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ Վանք

Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ Վանք

ԱնվանումՄոշաղբյուրի Սուրբ Կարապետ Վանք
ՎայրՀՀ Արարատի մարզ
Ամսաթիվ04․11․18
Թարմացվել է25․10․21

Սուրբ Կարապետի վանք

Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը գտնվում է Արարատի մարզում՝ Մոշաղբյուր գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Վանք հասնելու համար Վեդի-Լուսաշող ճանապարհից պետք է թեքվել դեպի աջ։ Վանք տանող ճանապարհը կիսաքանդ է, իսկ ձմռանը մեքենաների համար գրեթե անանցանելի։ Լավագույն տարբերակը թերևս քայլարշավն է։ Վանքի շուրջը տարածվում է Ուրծի լեռնաղթան։ Այն ընկած է լեռնաշղթայի հարավային սարահարթի վրա։

 Վանքի մասին պատմական տեղեկությունները ոչ մի ստույգ տեղեկություն չեն տալիս մենաստանի մասին։ Վանքի պատերին պահպանված արձանագրությունները նույնպես հաղորդակից չեն դարձնում նրա անցած պատմությանը։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնադրել են Օրբելյան իշխանները մոտավորապես 14-րդ դարի սկզբին։ Այն ծառայել է որպես Օրբելյանների տոհմի գերեզմանատուն։ Վանքի պատերին առկա մնացած արձանագրությունները վերաբերվում են միայն վանքին կատարած նվիրատվություններին։

Վանքի կառուցվածքը

   Վանքը բաղկացած է եկեղեցուց, որն անվանում են Սպիտակավոր Սբ․ Կարապետ, զանգակատնից, դամբարանատնից, միաբանության բնակելի շենքերից մնացորդներից, փոքրիկ գերեզմանոցից և պարսպաշարից։

   Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Ըստ վանքի պատերին պահպանված արձանագրության, այն կառուցել է Ջալալ Օրբելյանի կին Գոնցան՝ 1301թ․-ին։ Եկեղեցի մտնելիս միանգամից ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի բարձրաքանդակը։ Պատկերված է Աստվածածինը, ով գրկել է մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված են հրեշտակներ։ Վերևում պատկերված է Ադամը, իսկ շուրջը տարբեր կենդանիների գլուխներ։ Այս բարձրաքանդակը, ըստ պահպանված արձանագրության, քանդակել է Սարգիս վարդապետը։

   Եկեղեցու ներսում ընկած է մի մեծ քար, որի մի կողքի վրա եղած բարձրաքանդակին պատկերված է արծիվ՝ ճանկերում խոյ։ Այս պատկերը Պռոշյանների տոհմանիշն է։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել այս վանքում, նույնպես ունի իր բացատրությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բեկորը բերվել է Կարախաշ գյուղից, որը վանքից քիչ հեռու է գտնվում։ Այդ գյուղում պահպանվել են ընդարձակ եկեղեցու մնացորդներ, և վանքում եղած քարաբեկորը շատ նման է եկեղեցու մնացորդների քարաբեկորներին թե՛ նյութով, թե՛ մշակնան ձևով։

   Դամբարանատունը գտնվում է կիսավեր վիճակում։ Այն եկեղեցու արևմտյան կողմում է։ Տանիքի վրա հետագայում  կառուցվել է մատուռատիպ փոքրիկ շենք։

   Զանգակատունը գնվում  է դամբարանատան արևմտյան կողմում։ Այն իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ, երկհարկ մի կառույց։ Արտաքուստ քառակուսի է, ներքուստ՝ խաչաձև։

   Միաբանության բնակելի շենքերը գտնվում են վանք հուշարձանախմբի արևմտյան կողմում։

   Վանքն ունեցել է իր առանձին ջրմուղը։ Ջուրը կավե խողովակների միջոցով բերվել է վանք։

   Պարսպից դուրս պահպանվել են երկու մեծ ջրավազաններ՝ հավանաբար անասուններին ջրով ապահովելու համար։