fbpx

Հոստունի Սուրբ Վարդան Եկեղեցի

Հոստունի Սուրբ Վարդան Եկեղեցի

ԱնվանումՀոստունի Սուրբ Վարդան Եկեղեցի
ՎայրՀՀ Վայոց Ձոր
Ամսաթիվ08․06․24

Հոստուն գյուղատեղին գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 4 կմ դեպի արևմուտք, Եղեգիս գետի աջ ափին, պատմական Եղեգիս գյուղաքաղաքի ավերակներից հարավ-արևելք: Գտնվելով Օրբելյանների Եղեգիս գյուղաքաղաքին շատ մոտ, հավանաբար, հանդիսացել է դրա արվարձանը: Գյուղի մերձակայքում գտնվում են Ոստանիք (Ոստինք) բերդ-բնակավայրի ավերակները:

 

2005-2006 թթ․ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ տարածքում իրականացվել են մասնակի պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են 9-11, 13-14, 16-17 և 19 դդ․ հնագիտական շերտեր:

Հայտնաբերված իրերի մեջ մեծ թիվ են կազմում խեցեղենի՝9-11 դդ․ բնորոշ դաջազարդ կարասի, 14-15 դդ․ ջնարակված, կապույտ անոթների բեկորներ, ապակե ապարանջաններ, 14-15 դդ․ թվագրվող դրամներ:

Գյուղատեղիում պահպանվել են երկու գերեզմանատուն և կիսավեր ժամատուն-եկեղեցին: Հոստունի կենտրոնական մասում գտնվում է կիսախարխուլ եկեղեցի: Եռանավ-բազիլիկ եկեղեցին վերակառուցվել է 17-18 դդ․:

 

Ներսում կան չորս մույթեր, երկու կողմերում՝ խորաններ: Արևելյան կողմում կիսակլոր աբսիդ է, արևմուտքից կցված է գավիթը: Դուռը հարավային կողմից է: Եկեղեցին կառուցված է միմյանց կրաշաղախով միացված անտաշ որձաքարերով։

Կառույցի շինարարության մեջ օգտագործվել են ավելի հին եկեղեցու սրբատաշ քարերը և խաչքարերը, որոնցից մեկը թվագրվում է 1251 թվականին:

Հոստուն գյուղատեղին լքվել է 1950-ական թթ.