Հատիս, հանգած հրաբուխ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք:
Լեռան առավել տարածված անունը Հատիս է։ Օգտագործվել են նաև Ատիս, Հադիս, ինչպես նաև Շամիրամ, Շամիրամի լեռ անվանաձևերը։
Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը[3], որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։
Լեռան Շամիրամ անվան ծագումը պայմանավորված է Հատիսի՝ Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկի ու Շամիրամի ավանդապատումի ձևավորման ակունքները:
Լեռը հանդիսանում է հանգած հրաբուխ և ունի 2528 մ բարձրություն։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով, կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։
Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է և սկիզբ առնում Քառասունակն աղբյուրները, որոնք դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքին։ Ընդհանուր ելքերը կազմում են մոտ 1450 լիտր/վայրկյան։ Ջուրը սառնորակ է (7, 3 — 9 °C)։ Հենց այս աղբյուրներից է սկիզբ առել 1912 թվականին Երևան քաղաքի խմելու ջրի առաջին ջրագիծը։ Ներկայում Քառասունակնի ջրերը նույնպես օգտագործվում են մայրաքաղաք Երևանի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։ Քառասունակնից է սկիզբ առնում Գետառ գետը։
2008 թվականից Հայաստանի կառավարության որոշմամբ հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք