fbpx

Հաղպատ

Հաղպատ

ԱնվանումՀաղպատ Վանական Համալիր
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ15․05․19

ՀԱՂՊԱՏ

Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր     մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ:

Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ- դամբարաններ և խաչքարեր:

Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ:

Համալիրը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Սուրբ Նշան եկեղեցի – համալիրի այս հնագույն հուշարձանը (970-911 թթ.) կառուցել է Խոսրովանույշ թագուհին: Գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում և գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպին է պատկանում: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով է, անկյուններում երկհարկ ավանդատներով: Դուռն արևմտյան կողմից է` քանդակազարդ շրջանակով: Նկատվում են վերանորոգման հետքեր:  Այս և վանքի մյուս շինությունները կառուցված են կապտավուն, սրբատաշ բազալտից, իսկ ներքուստ ծածկվել են որմնանկարներով: Ըստ ավանդության այն կառուցել է ճարտարապետ Տրդատը:

Տաճարին հետագայում ավելացվել են եկեղեցու ավանդատները, որոնցից հյուսիս-արևելյանը որոշ ժամանակ անց հաղորդակցվել է բուն եկեղեցու հետ՝ նրա արևմտյան պատի մեջ բացված մուտքով: Կառույցը մեզ է հասել առանց էական վերափոխումների: X-XI դդ. վերանորոգվել է միայն գմբեթը:
 

Գավիթ  –   Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից կից է մեծ գավիթը, որը կառուցվել է XIII դ. 10-ական թթ.` 1185-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում:  Խոշոր ծավալներով է և  համարվում է տվյալ ճարտարապետական ձևի ամենաակնառու կառույցներից մեկը: Հարուստ է վիմագրություններով:

Ավագ խորանի որմնանկարներից մեզ է հասել առաջին շերտը, ուր պատկերված է գահին նստած Քրիստոսը: Նրանից ներքև եղել են Ավետման, Ծննդոց եւ Մկրտության տեսարանները:

Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է ժամատան հյուսիսային կողմում: Այն կենտրոնական գմբեթակիր սիստեմի կառուցվածք է, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձեւ հատակագծով և ուղղանկյուն խաչաթևերով: Մուտքն արևմտյան կողմից է՝ քանդակազարդ շրջանակով:

Ս. Գրիգոր  եկեղեցի –  գտնվում է ժամատան հարավային կողմում. արտաքուստ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձեւ հատակագծով, ուղղանկյուն խաչաթևերով: Արևելյան կողմից ունի բարձր բեմով խորան, արևմտյան կողմում` կրկնահարկ խորաններ: Ծածկը թաղակապ է: Վերանորոգվել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենցու կողմից:

Համազասպի ժամատուն –  գլխավոր տաճարից հյուսիս գտնվում է մի ընդարձակ դահլիճ, որը վանքի վանահոր` Համազասպ եպիսկոպոսի անունով է: Այն արևելյան կողմից կցված է երկթեք տանիքով թաղածածակ մի փոքր ուղղանկյուն մատուռ-եկեղեցու: Կառույցը պատկանում է 4 սյուներով, երդիկավոր, կամարակազմ ծածկով գավիթների տիպին: Համազասպի ժամատան արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը:

Գրատուն-մատենադարան – գտնվում է Համազասպի ժամատան հարավային կողմում:  XI դ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIII դ. արմատապես վերակառուցվել է: Քառակուսի հատակագծով մի շինություն է, որի որմնասյուներից ձգվող կամարները խաչաձևերով կրում են ծածկը, կենտրոնում առաջացնելով գմբեթային մասը՝ փոքրիկ-կլոր երդիկով: Արտաքուստ վրանաձև է և հիմնականում կրկնում է գավիթի կառուցման ոճը: Այն միջնադարյան Հայաստանի ամենաաչքառու գրչօջախներից մեկն է համարվում:

Ձեռագիր մատյաններն ու եկեղեցական սպասքը պահվել են գրատան որմնապատերի հատուկ խորշերում: Գրատան գրիչները ոչ միայն պահպանել ու նորոգել են մագաղաթյա ձեռագրերը, այլև գրչագրել և գրի են առել ձեռագրերի մաշված ու անընթեռնելի հատվածները:

Զանգակատուն – հուշարձնախմբի արևելյան մասում, բոլորովին առանձին գտնվում է Հաղպատի վանքի ամենանշանավոր կոթողը՝ աշտարականման, բացառիկ ինքնատիպ, եռահարկ զանգակատունը:

Զանգակատան կառուցումը վերագրվում է Համազասպ եւ Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին: Զանգակատան հատակագիծն ունի քառանկյան ձև, եռահարկ է, երկրորդ և երրորդ հարկերը բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներով: Արտաքուստ առաջին հարկի խաչաձև հորինվածքը 2-րդ հարկում ստանում է 8-անիստ եզրաձև: Առաջին 2 հարկերում տեղավորված են աղոթքի 7 խորաններ, որոնցից 3-ը գտնվում են երկրորդ հարկում, իսկ երրորդ հարկի 4 խորանների պատերը կամարաձև միանալով, իրենց վրա են կրում 6 սյունանի գմբեթ-ռոտոնդան: Կառույցն աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու սլացիկ կառուցվածքով:

Զանգակատան որմնաշարը միջնամասում գոտկվում է երկրաշարժակայուն գոտիով:

Սեղանատուն – գտվում է համալիրի հյուսիսային մասում: Երկարավուն դահլիճ է, ընդլայնական առանցքով տեղադրված երկու սյուների միջոցով բաժանված է 2 միանման, երդիկավոր մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված փոխհատվող կամարների համակարգով: Կառուցման ժամանակը հայտնի չէ:

Գավիթ – գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում: Նրան կից՝ Հովհաննես եպիսկոպոս Խաչենցին (ՈԺ թվագրմամբ) կառուցում է Կյուրիկյանների դամբարանը, որի պատճառով գավիթի կառուցումը վերագրվում է նրան…

Կամարածածկ սրահ  – ձգվում է արևմուտքից-արևելք՝ Սուրբ Նշան եկեղեցու և ժամատան միջև, ապա եկեղեցու և գրատան արանքում թեքվում է դեպի հարավ: Այն հանդիսացել է Կյուրիկյան Բագրատունիների տոհմական տապանատունը, ուր թաղված են բարձրաստիճան հոգևորականներ: Սրահի ամբողջ հատակը ծածկված է տապանաքարերով: Այստեղ է գտնվում հանրահայտ Ամենափրկիչ խաչքարը և մի փոքր ու հին մատուռ:

Մատուռ – գտնվում է հիշյալ սրահի հարավային տանիքի վրա, կառուցման ժամանակն ու կառուցողը հայտնի չեն: Մատուռը փոքր է՝ ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով: Արևելյան կողմից ունի փոքրիկ խորան: Ունի նվիրատվական բովանդակությամբ մեկ արձանագրություն:

Տապանատներ – Համազասպի շենքի և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան: Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով  ձգվող թաղածածկ միջանցքանման 2-րդ տապանատունը, որտեղ սալահատակի ձևով տեղադրված են տապանաքարեր:

Դամբարաններ – Համալիրում իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները: Դրանցից են հյուսիսային մասում՝ պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները, որոնք փոքր չափերի խորանարդաձև կառույցներ են՝ պսակված գեղաքանդակ խաչքարերով:

 

Վերև