fbpx

Գյումրի

Գյումրի

ԱնվանումԳյումրի
ՎայրՀՀ Շիրակի մարզ
Ամսաթիվ02․11․19

Գյումրի (ի սկզբանե Կումայրի,Կումայրի-գրաբարով նշանակում է ,,Շտեմարան,, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։

Կումայրի -գրաբարով նշանակում է ,,Շտեմարան,,։

Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թվականներին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։[փա՞ստ]

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը:

Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։