Գոշավանք
Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:
Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
1191–1996 թթ.-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով: Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են, թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203 թթ.-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231-1241 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել: Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–1241 թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է: Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը:
Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը 1291 թ.-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին մասը):
Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:
Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (կառուցվել է 1254 թ.-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և այլն: 1937 թ.-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ.-ին՝ Սբ Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թթ.-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ.-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ.-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ.-ին բարեկարգվել է վանքի տարածքը: