fbpx

Գհուկի Վանք

Գհուկի Վանք

ԱնվանումԳհուկի Վանք
ՎայրՀՀ Կետայքի մարզ
Ամսաթիվ22․02․2020
Թարմացվել է30.10.2022

Գհուկի վանք, Բոլորահար

Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղից 3-4 կմ հյուսիս-արևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ։

Վանքի անունը առաջացել է համանուն տեղանքից: Գհուկ Արարատյան և Շիրակի բարբառներում նշանակում է «փարախ, ոչխարների գոմ»

Տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանը, նախկինում մտել է Նիգ գավառի մեջ: X դարում այս շրջանի տեր են դառնում Պահլավունիները, իսկ XII դարի վերջերին արդեն Զաքարյան իշխանության սահմաններում էր: 1201 թվականին, ռազմական ծառայությունների համար, Զաքարյանները Բջնին իր շրջակայքով և Կեչառիսը նվիրում են Խաղբակյան Վասակ իշխանին, որը նոր էր տեղափոխվել հայրենի Խաչեն գավառից: Այդպիսով, նշված տարածքները դառնում են Խաղբակյանների ժառանգական սեփականությունը: Գհուկի վանքը աշխարհագրական տեսակետից մտնում էր Բջնիին հյուսիս-արևմուտքից հարող շրջանի մեջ և պատկանում էր Բջնիի եպիսկոպոսական թեմին: Այս կապակցությամբ միանգամայն օրինաչափ է Պռոշ Խաղբակյանի շատ կարևոր նվիրատվական արձանագրությունը, փորագրված եկեղեցու պատին:

Երբեմն փարթամ վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր մի եկեղեցի: Կանգուն են չորս պատերը՝ մոտ 3,5 մ բարձրությամբ: Եկեղեցին զույգ որմնամույթներով գմբեթասրահ է: Այն երեք կողմից, բացի հյուսիսայինից թաղված է հողի և քարակույտի մեջ: Թափված քարերն այնքան շատ են, որ կարելի է դրանց մի մասը վերագրել մեկ այլ շինության: Միակ մուտքը արևմտյան մասից է, վերևում ունի կամարաձև շարվածք, որը նստած է մուտքի կողերը եզրագծող երկնիստ որմնասյուների վրա: Մույթերը մասնատում են եկեղեցու ինտերիերը, արևմտյան կողմում ստեղծելով նախասրահի տպավորություն: Որմնամույթերը վերևից ավարտվում են ուղղանկյուն խոյակներով, որորնք թեթևակի զարդարված են:

Ընդհանրապես եկեղեցին զուրկ է քանդակազարդումներց: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է իր բեմով: Բեմի երկու կողմերում գտնվում են ցածր մուտք ունեցող ավանդատները, որոնք արևելյան կողմից ունեն դեպի դուրս բացվող պատուհաններ: Բեմի շարվածքը սկզբնական չէ, կառուցված է խաչքարերի բեկորներով: Պատուհաններ կան նաև հյուսիսային պատին և խորանի կենտրոնում: Խորանի կիսաշրջանաձև շարվածքի մեջ բացված են երկու որմնախորշեր, որոնք ծառայել են որպես սրբատեղեր: Եկեղեցին սալահատակված է եղել, սակայն պահպանվել է սալաքարերի մի մասը:

Եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում կողք-կողքի շարված են խաչքարերի պատվանդաններ, իսկ նրանց առջև ամբողջական և կոտրված խաչքարեր են թափված: Սրանք աչքի են ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական տարատեսակ զարդաքանդակներով: Առանձնապես ուշադրություն է գրավում ոճավորված խաչերով քանդակազարդված խաչքարի պատվանդանը:

Վանքը ունեցել է նաև գերեզմանոց, որը գտնվում է հուշարձանից մոտ 0,5 կմ հյուսիս-արևելք, սարալանջի վրա: Գերեզմանոցի կենտրոնական հատվածում նշմարվում են շինության հետքեր, որոնք մատուռի մնացորդներն են: Այստեղ կանգնած և ընկած են երկու տասնյակից ավելի խաչքարեր և մոտ երեք տասնյակ տարբեր ձևերի տապանաքարեր: Ուշագրավ են խաչքարերի զարդաքանդակային մոտիվները: Գհուկի և նրա շրջակա Թեղենյաց վանքի. Նեղուցի, Չորուտի, Բջնիի, Մայրավանքի, Մաքրավանքի ու մյուս միջնադարյան հուշարձանների խաչքարերի, ինչպես նաև ճարտարապետական որոշ մանրամասների ուշադիր քննությունը թույլ է տալիս խոսելու քանդակագործության մի ուրույն դպրոցի մասին: Խաչքարային արվեստի փայլուն նմուշներից են անանուն քանդակագործ – վարպետի կերտած երեք խաչքարերը, որոնք կանգնեցված են հիշյալ տարածքում՝ Թեղենյաց վանք, Բջնի և Աղվերան: Չնայած այդ կոթողները չունեն վկայագրեր, այդուհանդերձ, դրանք նույն վարպետի տաղանդի արգասիք են, քանի որ իրենց ոճով, քանդակազարդային մոտիվներով և կատարման տեխնիկայով համարյա կրկնում են միմյանց: Որոշակի նմանություններ կան Մայրավանքի, Մաքրավանքի, Նեղուցի խաչքարերի մեջ, որոնք չնայած համեմատաբար պարզ ոճավորման, աչքի են ընկնում քանդակման բարձր տեխնիկայով:

Գհուկի վանքը հայկական հուշարձանների մեջ թերևս ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Դրա պատճառը նախ և առաջ նրա կտրվածությունն է բնակավայրերից և ճանապարհներից: Մատենագրության մեջ իսպառ բացակայում են հիշատակությունները հուշարձանի մասին, թեև ժամանակին այն բավականին մեծ է եղել, ունեցել է ստվար վանական միաբանություն, ստացել է կալվածքներ և այլ բնույթի նվերներ:

Գհուկի եկեղեցին չափազանց հարուստ է վիմագիր արձանագրություններով: Դրանք փորագրված են հուշարձանի ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասում: Խիստ ուշագրավ է խորանի կիսաշրջան պատը գոտևորող ծավալուն արձանագրությունը: Արևելյան պատը արտաքուստ նույնպես ամբողջությամբ պատված է արձանագրություններով: Եկեղեցու շրջակայքում կան մի քանի արձանագրված խաչքարի պատվանդաններ: Ամբողջ տարածքում հաշվվում են մոտ երեք տասնայակ արձանագրություններ: Սրանք բոլորը աչքի են ընկնում խիստ վայելչագիր տառաձևերով: Արձանագրությունների ճնշող մեծամասնությունը թվագրված է, որով էլ ավելի է բարձրանում դրանց պատմական արժեքը որպես սկզբնաղբյուրների:

Վիմագրերը հիմնականում նվիրատվական են, միայն երեքն են հիշատակագրային: Վանքին նվիրվել են գյուղ, հողամասեր , այգիներ, զանգ, ձեռագրեր, եկեղեցական սպասք ու սրբազան մասունքներ, դրամով օգնել են շինարարությանը: Արձանագրություններում հիշատակված են ժամանակի մի շարք նշանավոր դեմքեր՝ Պռոշ Խաղբակյանը, Բջնիի Գրիգոր վարդապետ վանահայրը, Պիչար իշխանը և այլք: Վկայված են շատ հաճախ սակավ հանդիպող անձնանուններ. Օրինակ՝ Մելեք, Ազգեր, Ալամ, Իշխանտիկին, Պիչար: