fbpx

Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճար

ԱնվանումԳառնու հեթանոսական տաճար
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ13․04․24

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան: Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը:

Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել:

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան կամ նրա ճարտարապետությունը կապում հելլենիստական ընդհանուր արվեստի հետ՝ գրեթե միշտ ընդգծելով (ավելի կամ պակաս չափով) հուշարձանի ճարտարապետական-կառուցողական արվեստում դրսևորվող տեսակի առանձնահատկությունները։

Մի մասը հուշարձանը դիտում է իբրև հայկական-հելլենիստական կառուցվածք, իսկ որոշ հեղինակներ, ճիշտ հակառակը, այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։ Մառը, խոսելով հայ մշակույթի, մասնավորապես ճարտարապետության մասին, դրանք չի համարում օտար երկրներից բերած բույս, այլ նշում է, որ դրանք միշտ եղել են իրենց «ինքնուրույն դրոշակակիրը»[18]։ Հայկական ճարտարապետության մեջ նա տեսնում էր երկու ուղղություն՝ առաջինը տեղական, երկրորդը՝ կազմավորված հունահռոմեական ճարտարապետության ազդեցության ներքո։

Ալեքսանդր Սահինյանն այն կարծիքին է, որ Գառնու տաճարը հունահռոմեական, ընդհանուր հելլենիստական ու տեղում գոյություն ունեցող ճարտարապետական-կառուցողական արվեստի յուրահատուկ մի սինթեզ է, որ այն հայկական-հելլենիստական մշակույթի հուշարձան է։

Գառնու ամրոցն Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետն էր։ Անտիկ շրջանում հրվանդանի եռանկյան գագաթը կազմող բնական անանցանելի ժայռի շարունակության վրա ստեղծվել է ժամանակի համար անառիկ ամրաշինական հզոր կառուցվածք։ Ամրոցի եռանկյունաձև տարածքը, հարավից, հարավ- արևմուտքից, մասամբ արևելքից երիզված լինելով մինչև 300 մ բարձրություն ունեցող ժայռերով, հյուսիսից, հյուսիս-արևմուտքից և արևելքից շրջապատված է 14 աշտարակների հաջորդականությամբ ստեղծված պարսպապատով, որի ամբողջ պարագիծը (աշտարակների հետ) 314, 28 մ է։

Մեծ ուշադրություն է դարձվել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։ Միմյանց չեն կրկնում տաճարի մյուս մասերի ու մանրամասների՝ խոյակների բարձիկների, արխիտրավների՝ սոֆիտների, սյունասրահների առաստաղի սալերի զարդաքանդակները։ Տարբեր մշակումներ ունեն նույնիսկ գլխավոր քիվի առանձին քարերի վրա փորագրված առյուծի գլուխների քանդակները։

Ն. Տոկարսկին բարձր է գնահատում կառույցում որձաքարի տաշի և քանդակման նուրբ տեխնիկան, որին, ըստ նրա, ի վիճակի էին հասնել միայն տեղական վարպետները, քան դյուրամշակ մարմարի հետ գործ ունեցող դրսից եկած հռոմեացիները։ Բայց միաժամանակ նշում է, որ Գառնու հեթանոսական տաճարը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես տեղական վարպետները հմտորեն միահյուսեցին հռոմեական ճարտարապետության առանձին հատկանիշներ, գծեր հելլենիստական հիմքի մեջ։