Դորբանտավանքի Սբ. Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս արևելք, Սվերդլով – Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ այնքան հեռու` քիչ թեքություն ունեցող բաց տարածքում։
Ճարտարապետական և կառուցողական հատկանիշների, ինչպես նաև դեկորատիվ հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը սերտորեն առնչվում է հայկական ճարտարապետության վաղմիջնադարյան հուշարձանների հետ և Գուգարքի ճարտարապետական դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր ստեղծագործություններից է։ Այն վերագրվում է VI դարին։ Խաչաձև եռախորան եկեղեցի է, որ հորինվածքով մեծապես առանձնանում է նմանատիպ մյուս հուշարձաններից (Պեմզաշեն, Հնեվանք, Թալին և այլն)։