fbpx

Դաշտադեմի ամրոց կամ Քաղենիի ամրոց

Դաշտադեմի ամրոց կամ Քաղենիի ամրոց

ԱնվանումԴաշտադեմի ամրոց
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ07․04․24

Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։

 

Պատմություն
Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։

Դաշտադեմի միջնադարյան դղյակը
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը[2]։

Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից[3]։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով[4]։

Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է ուրարտական ամրոցի տեղում, Կամսարականների օրոք[5]։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը[3]։

Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած. “Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր”[6]։

Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ “Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում”[7]։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում[4], այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ[3], ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում[8], բնակատեղին կոչվում է Թալին։