fbpx

Բերդկունքի ամրոց

Բերդկունքի ամրոց

ԱնվանումԲերդկունքի ամրոց
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ29.06.24

Բերդկունքի ամրոց, հնագույն շրջանից պահպանված պաշտպանական ամրոց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում։

Կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Բերդկունքի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, որոնք մարդիկ վերափոխելով ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես դա ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։