fbpx

Աստվածընկալ Վանք

Աստվածընկալ Վանք

ԱնվանումԱստվածընկալ Վանք
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ08.03.19

Աստվածընկալ վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում, կառուցապատվել է 4-13-րդ դարերում։

Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներով կտրտված, մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։

4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուր Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները։ 1207 թվականին գավառի նոր տերերի՝ Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը։ 1244 թվականին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը։ Վաչուտյան ամուսինները Կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով։ Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա։ Գմբեթը նստած է կողմնային երկու որմնասյուների և կիսասյուների վրա հենված շրջանաձև հիմքի վրա։ Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային պատի վրա գտնվող պատուհանը և արևմտյան պատի շքամուտքի վերնամասի խաչը։ Եկեղեցին ունի երկու դուռ։ Դրանցից մեկը բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսն արևմտյան ճակատի շքամուտքն է՝ հարդարված դեկորատիվ քանդակներով։ Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր։ Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը՝ սպիտակ։ Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ Կաթողիկե եկեղեցին կառուցված է,, մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով,,։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է, գմբեթի վերնամասը՝ վեղարով, ընկել է, քանդվել են ծածկի կենտրոնական հատվածները, թափվել են կտուրի ծածկասալերը։ 1244 թվականից հետո սկսվել է գավթի կառուցումը, որը հավանաբար ավարտվել է 1250-ական թվականների սկզբին։ Գավիթը քառասյուն տիպի շինություն է։ Կենտրոնական չորս սյուները, որոնցից երկուսը կլոր են, երկուսը՝ վեցանիստ, կողմնային որմնամույթերից ձգվող թաղ-կամարներով ինը մասի են բաժանել գավթի կտուրը։ Կենտրոնական հատվածը դեպի կոնաձև երդիկ-լուսանցք է բարձրացել՝ շթաքարե ձևավորմամբ, որն իր տեսակի մեջ լավագույններից է։ Շթաքարե ձևավորում ուներ նաև կտուրի արևելյան հատվածի կենտրոնական մասը։ Որմնասյուներից դեպի սյուները և դրանք իրար միացնող բոլոր թաղերը կենտրոնում կամ մի քիչ կենտրոնից տեղաշարժված կետում իրար են կապված սնկատիպ կապքարով, որ ճարտարապետական փոքրիկ գյուտ է, այլուր չի կրկնված և ավելի հաստատուն է դարձրել թաղերը։ Չորս սյուների բոլոր խոյակներն ու խարիսխները լուծված են յուրովի և իրար չեն կրկնում։ Արևելյան զույգ որմնասյուների խաչաձև ելուստների վրա քանդակված են Ամենափրկիչ տիպի խաչքարեր։ Բավական հարուստ ձևավորում-լուծում ունի գավթի արևմտյան ճակատը։ Այստեղ կենտրոնական մասում շքամուտքն է, որ ձևավորված է երեք շարք տերևաձև շթաքարե քանդականախշ ուղղանկյուն եզրակալով։ Շքամուտքի վերնամասում սյունով երկու մասի բաժանված պատուհանն է։ Պատի վրա փորագրված են խաչեր, որոնք բավական դիտելի են դարձրել գորշ քարով կառուցված շինությունը։ Գավթի արևմտյան կողմի ձախակողմյան սյունը երկրաշարժի ցնցումից կիսվել-ընկել է՝ ավերելով կտուրի հյուսիսարևմտյան հատվածը։ Գավթի արևելյան սյունաշարքի աջակողմյան սյան նիստերից մեկի վրա երևում է երկու տողանոց արձանագրություն. ,, Ա/ստուա/ծ ող/որմի/ /պա/րոն Ք/ր/դին,,։ Այս արձանագրությունը հաստատում է, որ գավիթը ևս կառուցել է Քուրդ Ա Վաչուտյանը։ Նույն սյան թաղի վրա, բարձրուստ, մոնումենտալ տառերով փորագրված է,, զՅոհանէս յաղագս յիշեցէք…,, արձանագրությունը։ Ելնելով արձանագրության դիրքից՝ թաղի վերնամասում, ենթադրելի է, որ այս Յոհանեսը շինության ճարտարապետն է։ Համադրելով Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցու և գավթի կառուցողական հար և նման ձեռագիրը՝ կարող ենք ասել, որ երկու շինություններն էլ նույն ճարտարապետի գործն են։ Շքամուտքի բարավորի ներսակողմյան մասում փորագրված է հիրավի ձեռագրային արձանագրություն. ,, Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող…,,։