fbpx

Աշտարակի Կարմրավոր Եկեղեցի

Աշտարակի Կարմրավոր Եկեղեցի

ԱնվանումԱշտարակի Կարմրավոր Եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ15.04.23

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։

 

Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։ Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-1799 թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873 թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։

Եկեղեցու դուռը փայտից է զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով և պատրաստվել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանի կողմից 1983 թ ։

Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։