fbpx

Արդվի Սրբանես Եկեղեցի

Արդվի Սրբանես Եկեղեցի

ԱնվանումԱրդվի Սրբանես Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ19․04․19
Թարմացվել է19․03․22

Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (հիշատակվում է նաև Սրբանես վանք անունով), վանք ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ 17-րդ դարում եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։ Վանական համալիրը վերանորոգվել է 2018 թ.:

Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։

Եկեղեցիները միանավ թաղակապ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը։ Մի ժամանակ այն մուտք է ունեցել նաև արևմուտքից, բայց ներկայումս այն փակված է։ XIII դարում եկեղեցու արևմտյան պատին կցվել է ոչ մեծ թաղակապ սրահ։ Հարավային դահլիճի հատակը պատած է տապանաքարերով։ Եկեղեցիների կառուցման համար օգտագործվել են ճեղքված անդեզիտի ոչ խոշոր անկանոն կտորներ։ Միայն արևելյան պատի ստորին երեք շարքերը խոշորաչափ սրբատաշ քարերով են։

Երկու եկեղեցիների հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները միաժամանակ չեն կառուցվել։ Հյուսիսային եկեղեցու սկզբնական հորինվածքը, որից պահպանվել են արևելյան պատի ստորին շարքերը և հարավային մուտքի մի մասը, վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը։ Հավանաբար այն վերակառուցվել է վանքի մյուս շինությունների կառուցման ժամանակ (ենթադրաբար XVII դարում)։

Զանգակատունը կառուցվել է XVII դարում վանքի հարավային մասում։ Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով։

Սրբանեսի վանքը շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։ XIX դարում վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902 թ.` Մելիքսեթ Քալանթարյանը։

Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին (Կաթողիկոս 717-728 թթ)։ Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքը, որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր։ Նա բազմաթիվ շարականների և աստվածաբանական աշխատությունների հեղինակ է։ Օձնեցու կարևորագույն գործերից է «Կանոնագիրք Հայոց»` Հայաստանի եկեղեցական իրավունքի առաջին հավաքածուն։

Սրբանեսի վանքը նորագույն պատմության մեջ հայտնի է նաև դրանով, որ այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։