fbpx

Արատեսի Վանք

Արատեսի Վանք

Անվանում Արատեսի Վանք
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ06.05.23

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։