fbpx

Արարատ լեռ

Արարատ լեռ

ԱնվանումԱրարատ լեռ
ՎայրԱրևմտյան Հայաստան
Ամսաթիվ01․01․01
Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: 
 
Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:
 
1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք:                
                                                                                                                             
Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր:
 
Այսօր էլ Արարատը շարունակում է հիացնել մարդկանց աշխարհի բոլոր երկրներից: Արարատը մեր սրբազան լեռն է, որը մինչև օրս Հայաստանի խորհրդանիշերից մեկն է: