fbpx

Առաքելոց Վանք

Առաքելոց Վանք

ԱնվանումԱռաքելոց Վանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ09․06․19

Առաքելոց վանքՀայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին։

Ավերված գյուղատեղեր ու բնակատեղեր շատ կան Աղստևի հովտում. դրանք պատկանում են մեր պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններին։ Այդպիսի խոշոր բնակավայրերից են Առաքելոց վանքը և գյուղատեղն՝ իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Դրանք գտնվում են Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին։ Միջնադարում այս ձորը և լեռնալանջերը խիտ էին բնակեցված։ Այդ են հաստատում մի շարք բնակավայրերի, ճարտարապետական կոթողների, կամուրջների, կարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդները։ Կայեն գավառի այս շրջանը իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնների հետ։ Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին։ Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրություններն են։ Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ։

Կազմված է երկու եկեղեցիներից, փոքրը պատկանում է միանավ բազիլիկ տեսակին իսկ մեծը՝ գմբեթավոր սրահ տիպին։ Մոտավորապես 80 մ ներքև գտնվում է քարվանսարա: Երկու կմ հյուսիս-արևելք գտնվում է Խնձորուտ փոքր եկեղեցին։

Կառուցված է ամրոցի հյուսիսային ծայրին, կիս կանգուն պարսպին: Փոքր չափերի կառույց է[2], արտաքուստ պատած կաթնագույն, դեղնագույն և կապտագույն սրբատաշ քարերով, իսկ ներսից՝ կրով սվաղված: Արտաքին չափերն էն՝ 10.25 մետր x 7.45 մետր: Ունի բարձր, կլոր թմբուկ և սրածայր վեղար ունեցող գմբեթ: Արտաքուստ և ներքուստ որևէ զարդաքանդակ կամ արձանագրություն չունի: Լուսամուտները փոքր են, ընդամենը վեց հատ, որոնցից չորսը գմբեթի վրա, չորս գլխավոր ճակատներին, մեկը եկեղեցու հարավային պատի մեջտեղում, իսկ վեցերորդը՝ աբսիդի ճակատին, արևելքից: Ներքուստ, արևելյան կողմում, ունի մեծ և խորն ընկած աբսիդ: Բեմը բարձր է, սանդուխքը հարավից, երեք աստիճանով: Խորաններ (ավանդատներ) չունի: Աբսիդի եզրից մոտավորապես 0.5 մետր ներս և հյուսիսային և հարավային պատերին կից տեղավորված որմնասյուների վրա են հիմնված գմբեթակիր կամարները: Եկեղեցին հյուսիսից սեփական պատ չունի, դրա փոխարեն օգտագործված է ամրոցի պարիսպը: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, հետագայում կառուցված ժամատան ներսից: Հատակը և տանիքը սալպատված են եղել: Պահպանվել են որմնանկարների մնացորդներ:

Եկեղեցու շինարարական առանձնահատկություններից գլխավորն տանիքի մեկ սագ (թեքություն) լինելն է: Սագի հյուսիսային կողը արհեստական ձևով բարձրացված է և կցված է պարսպին, որտեղից սկսվում է տանիքի աստիճանական թեքությունը, մինչև հարավային պատի եզրը: Այդ հանգամանքը նկատելի է ցածից, եկեղեցու արևելյան ճակատից: Հյուսիսային սագի տեղում, տանիքի վրա, պարսպի գծի երկարությամբ, շիված է թաղապատ մի անցք, ծածկված խրամատի ձևով, այն նկատառումով, որ հյուսիսից սագի բարձրացման հետևանքով առաջացած բեռնավորումը եկեղեցու թաղի վրա, ըստ հնարավորին թեթևանա: Հյուսիսային սագի վերացման պատճառներից մեկն էլ այն է, որ անձրևի և ձյան ջրերը րծծվեն պարսպի և եկեղեցու արանքը, որ տեղի կունենար տանիքի երկսագ շինելու դեպքում:

Եկեղեցին կանգուն է, սակայն երկրաշարժերից ճեղքեր են բացվել արևելյան և հարավային պատերի մեջ, լուսամուտների գծով, նաև արևմտյան պատի մեջ, մուտքից վերև: Թափված և խախտված ենգմբեթի վեղարի ծածկը, տանիքի սալերը և հարավային ու արևելյան պատերի վերին շարքերի քարերը:

Ժամատունը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է։ Քառակուսի, միջին չափերի մի պարզ շենք է, եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո, կից վերջինիս արևմտյան պատին: Չափերն է՝ 10.4 մետր x 9.5 մետր: Կառուցված է կաթնագույն, դեղնագույն և կապտագույն սրբատաշ քարերով: Սյուներ չունի: Վրանաձև տանիքը գոտկում են իրար խաչաթևող կամարները, որոնց կրունկները նստած են պատերին կից մույթերի, կիսամույթերի և կալունակների վրա, որոնք դասավորված են հետևյալ կարգով. զույգ մոյքեր կցված են արևմտյան պատին, մի զույգ կիսամույթեր՝ հարավային, իսկ մյուս երկու պատերին երկուական կալոինակներ, որոնցից մեկը, եկեղեցու մուտքից աջ ընկած է: Պատերի քարերի վերին շարվածքն աղեղնաձև է, նման Դեղձուտի վանքի ժամատան պատերի շարվածքին՞ Ժանատան պատերը ներսից և դրսից սրբատաշ քարերով են պատված:

Ժամատունը նշանավոր է սողոմաքաղ երդիկով: Իրար հատող կամարների վերևում առաջացած կենտրոնական քառակուսի բացվածքի անկյունները կտրված են դրանց վրա շարված, 20 սմ հաստություն ունեցող մեծ սալերով. ստացված անկյուններն իրենց հերթին կտրվում են հաջորդ շարքի սալերով և այսպիսով անցքը աստիճանաբար նեղանում և բարձրանում է վերև: Բացի երդիկից ժամատունը լույս է ստանում արևմտյան պատի մեծ բացված, միջին մեծության, մի թաղապատ, ցածրադիր լուսամուտից, որն նայում է հեղեղատի խորն ընկած ձորի և դիմացի սարալանջում փռված բնակատեղիի վրա:

Ժամատան մուտքը բացվում է հարավային պատի արևելյան կեսի մեջից, այդ դռան առաջ կառուցված գավթի մեջ: Ժամատան շենքը սեփական միայն մեկ պատ ունի՝ հարավային և արևելյան պատի մի փոքրիկ հատվածը:

Խաչքար․ Գտնվում է գլխավոր եկեղեցու հարավային կողմում, պատին կից: Խաչքարը կանգնեցված է պատվանդանին: Կարմիր տուֆից է, քանդակները՝ բուսական և երկրաչափական: Խաչից վերև, բուսական քանդակների մեջ Քրիստոսի քանդակն է, կողքերից մեկական հրեշտակ:

Վերև