fbpx

Արագած Լեռ ( հյուսիսային գագաթ )

Արագած Լեռ (հյուսիսային գագաթ)

ԱնվանումԱրագած Լեռ (հյուսիսային գագաթ)
ՎայրՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզեր
Ամսաթիվ26.07.2020

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։

Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։

Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների ու ջրվեժների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնվում է Քասաղի վտակ Գեղարոտը։

Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածության վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ, Կարմրաթառ, Դաշտաքար և այլն)։

Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Լեռը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։ Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրության. մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթին ցուրտ է նաև ամռանը։

Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։

 

Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3200 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։

Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։