Սուրբ Խաչ եկեղեցի կամ Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիրի եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Պատմություն
Կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի։ Եկեղեցու ճարտարապետն Արտակ Ղուլյանն է։ 2009 թվականին եկեղեցուն հարակից տարածքում տեղի է ունեցել Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ խաչքարի տեղադրում։ Խաչքարն օծել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2013 թվականին։
Եկեղեցու զանգերի խորհուրդներ
2016 թվականի մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են եկեղեցու 5 զանգերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը։
Առաջին զանգն (780 կգ) իր մեջ ամփոփում է հավատքի խորհուրդը, կրում է 3 տաղավար տոների նկարագրությամբ զարդաքանդակներ՝ Ս․ Հարություն, Ս․ Ծնունդ և Ս․ Խաչ։
Երկրորդ զանգի (400 կգ) խորհուրդը հայրենասիրությունն է, կրում է Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։
Երրորդ զանգի (230 կգ) խորհուրդը ծնողասիրությունն է։ Զանգի վրա պատկերված է Ս․ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
Չորրորդ զանգը (150 կգ) վերաբերում է զավակասիրությանը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։
Հինգերորդ զանգն (100 կգ) իր մեջ կրում է մկրտության խորհուրդը։