Սուրբ Խաչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին[2]։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։ Եկեղեցու քահանաններն են Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
2002 թվականի մայիսի 5-ը նշանակալից օր է ինչպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության պատմության համար, այնպես էլ Ապարանի պատմության մեջ։ Ապարանի հավատավոր ժողովուրդը ստացավ իր պապերի աղոթատունը՝ Քասախի բազիլիկ տաճարը, ավարտուն և բարեզարդված։ Մայիսի 4-ի երեկոյան Տեր Սիոն եպիսկոպոսի մուրճի հարվածներով տաճարի դռանը, դռնբացեքի արարողության սկզբից ևեթ դադարեց ամբողջ օրը տեղացած անձրևը, և Արագածի լեռան վերևում ամպերի պատռվածքից արևի ճառագայթների մի փունջ լուսավորեց ու ջերմացրեց տաճարի խոնավ պատերը։
1996 թվականի նոյեմբերից աղոթքների, շարականների, օրհներգների հնչյուններից արթնացած հնամենի քարերը երգում են բազմության հետ նեդաշնակ։
12 անգամ ջրով ու գինով լվացված որմերը սրթսրթացին կարոտի դողով՝ իրենց մեջ ներծծելով սրբագույն մյուռոնը, աղոթքի մրմունջները, ալելուիաների թնդյունը, դպիրների, սարկավագների, քահանաների, վարդապետի, եպիսկոպոսների ակնհայտ հուզմունքը։
Նույն սարսուռը ապրեցին նաև չորս ավետարանիչների որմերը և Սուրբ սեղանը հաջորդ օրը՝ մայիսի 5-ին՝ իրենց մեջ ներծծելով այս ամենը, սրբագործվելով Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական Աջով։
Վերաշինված, վերաօծված տաճարում Տեր Մամբրե քահանա Պատուրյանին էր շնորհ արվել մատուցելու առաջին Սուրբ Պատարագը։ Նրան սպասավորում էին տաճարի վերակառուցմանը համահունչ աճած, նորոգված երիտասարդ սարկավագներ ու դպիրներ։