fbpx

Անիի Տիգրան Հոնենց Եկեղեցի

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի

ԱնվանումԱնիի Տիգրան Հոնենց եկեղեցի
ՎայրԱրևմտյան Հայաստան

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։ Կառուցվել է Տիգրան Հոնենց անունով հարուստ առևտրականի կողմից։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1251 թ.։ Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափսերով է։ Ներսի պլանը տարբեր է և նմանեցվում է միջնադարի ուշ շրջանի մյուս եկեղեցիների նախագծերին։ Պատկանում է այն տեսակին, որը երբեմն կոչվել է «գմբեթակիր սրահ», երեք բաժինների բաժանված միակ նավի կենտրոնական հատվածի վրա գմբեթ կա։ Բաղեղի միջից ի հայտ եկող իրական կամ էլ մտացածին կենդանիների պատկերներով քանդակները զարդարում են խոյակները, որոնք գտնվում են կամարների շարքերի միջև։ Սրանք զարդարված ժապավեն են կազմում, որը ամբողջությամբ փաթաթում է շինությունը։ Նման կամարների շարք և ժապավեն կա նաև ճակատի շուրջը։ Ժապավենի վերևում մի ժապավեն ևս կա, որը զարդարված է երկրաչափական ռելիեֆներով։ Եկեղեցու առջև կանգնած է հետագայում ավելացված գավիթը, որն այժմ բավական ավերված վիճակում է։ Երկու կողմից բաց է, հյուսիսային ծայրում մի մատուռ է եղել։ Գավիթի կամարապատ բաց տարածությունները շեշտված են գեղեցիկ փորագրված կեռագիծ ռելիեֆներով և նստեցված են սյուների խոյակների վրա, որոնք նման են ժամանակի մուսուլմանական կառույցներին։ Գավիթի ներսը պատված է եղել որմնանկարներով։ Եկեղեցին այժմ մասամբ վերականգնված է։ Ներքին հատվածն ամբողջությամբ ծածկված է որմնանկարներով, որոնք արված են եկեղեցու հետ միաժամանակ։ Որմնանկարների երկու հիմնական թեմաներն են՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքը։ Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք եղծված են։