fbpx

Անիի պարիսպները

Անիի պարիսպները

ԱնվանումԱնիի պարիսպները
ՎայրԱրևմտյան Հայաստան

Ախուրյանի և Ծաղկաձորի խորը կիրճերով երիզված բլուրի գագաթին, դեռևս V դարից գոյություն ուներ Կամսարական իշխանական տոհմին պատկանող անառիկ մի ամրոց: Երբ VIII դարի երկրորդ կեսին Աշոտ Մսակեր Բագրատունու (Ն.Ադոնցը ենթադրել է, որ Մսակեր է կոչվել պասը չպահելու պատճառով) ժամանակ այն Արշարունիք և Շիրակ գավառների հետ միասին դարձավ Բագրատունիների սեփականությունը, նոր տերերն ըստ արժանվույն գնահատեցին տեղանքի բացառիկ նպաստավոր պայմանները քաղաք հիմնելու համար:

Այստեղ՝ հին ամրոցի տեղում ստեղծված միջնաբերդից դեպի հյուսիս, հիշյալ ձորերի միջև ընկած նեղ պարանոցի վրա, արդեն X դարի կեսին առաջացավ ոչ մեծ մի բնակավայր: Նրա պաշտպանության համար Աշոտ Գ Ողորմած թագավորը կարգադրեց պարանոցի ամբողջ լայնությամբ կառուցել պարիսպներ: 963-64 թթ կարծր կարմիր քարից կառուցված պարիսպները իր անունով կոչվեցին “Աշոտյան”: Ըստ Վարդան Արևելցու վկայության, “Աշոտյան” պարիսպների աշտարակներում եղել են փոքր եկեղեցիներ, ինչն էլ հետագայում հաստատեց Թ.Թորամանյանը՝ երկու կողմնային աշտարակներում մատուռներ հայտնաբերելով:

Այդ պարիսպները հետագայում կորցրեցին իրենց նշանակությունը, քանի որ քաղաքի զարգացման հետևանքով նրա սահմաններն ընդլայնվեցին և դուրս գալով “Աշոտյան” պարսպապատերից, ընդգրկեցին հյուսիսային սարահարթը: Ուստի կարիք առաջացավ ստեղծել քաղաքապարիսպների նոր գիծ, որն իրականացվեց Ամբատ Բ Բագրատունու ժամանակ և նրա անունով կոչվեց “Սմբատյան” կամ “Սմբատաշեն”: “Սմբատյան” պարիսպների կառուցումը տևեց 8 տարի և ավարտվեց միայն 989 թվականին: Նրանց կառուցումը բավականին բարդ ձեռնարկ էր: Պատճառը միայն միջոցներն ու աշխատանքը չէր, այլ նաև տեղանքը մանրամասն հետազոտելու և օրըստօրե ընդարձակվող քաղաքի նախագծային առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Ըստ Մատթեոս Ուռհայեցու, Սմբատյան և “Աշոտյան” պարիսպների միջև ընկած տարածությունը հավասար էր նետի թռիչքի երկարությանը:”Սմբատյան պարիսպները” կառուցվեցին հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, և քաղաքի պաշտպանության տեսակետից ամենախոցելի հատվածում՝ Գայլաձոր-Իգաձոր հատվածում կառուցվեց պարիսպների երկրորդ շարքը:
“Սմբատյան” պարիսպները բարձրությունը կազմում է 8 -10 մ, լայնությունը՝ 1 մետր: Պարերը կառուցված են հրաբխային քարով և սալիկապատված են:
Վերին հատվածում ատամնաձև շարքեր են եղել, որոնց ավերակները պահպանվել են Դվնոյ, Ավագ և Կարուց դռների շրջակայքում: Սրբատաշ քարերի միապաղաղությունը վերացնելու համար դեղնավունից բացի, օգտագործվել են կարմիր, սպիտակ և սև քարեր: Մուտքերից մեկի վերին մասն ունի շախմատաձև շարվածք: Պատերին տարբեր գույնի քարերով բազմաթիվ պատկերներ են ու նախշեր կան՝ խաչեր, բարձրաքանդակներ, ժապավանաձև գոտիով, աստղային խորհրդանիշներ:
“Սմբատաշենի” բարձրաքանդակներից հատուկ ուշադրության արժանի է Ավագ Դռնոյ ներքին պատի վազող առյուծի (ըստ այլոց՝ հովազ, ընձառյուծի) բարձրաքանդակը, որն համարվում է Անիի զինանշանը:
Աշտարակներից մեկի վրա պահպանվել են ցուլի և բաց երախով վիշապների բարձրաքանդակներ: XIX դարի ճանապարհորդներն իրենց հուշերում թողել են վկայություններ, որ “Սմբատյան” պարիսպներից մեկի վրա կար մի բարձրաքանդակ, որի վրա պատկերված էր մարդ ինչ-որ շինության մոդել ձեռքին: Հնարավոր է, որ դա լինի Սմբատ Բ-ի բարձրաքանդակը: Ցավոք, հետագայում բարձրաքանդակն անհետացել է:
Անիի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը: Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով:

Պաշտպանունակությունը բարձրացնելու համար սովորաբար դարպասների երկու կողմում կառուցում էին աշտարակներ:
Բոլոր աշտարակները, բացի Ծաղկաձորի և Գայլաձորի աշտարակներից, կլոր էին: Աշտարակները ներսից երկհարկ կամ եռահարկ են եղել, ունեցել են կրակնատներ ու ատամնավոր վերջավորություններ: Աշտարակներն հատուկ անուններ ունեին՝ Աբրահամի բուրգ, Շանուշի բուրգ, Աշոտի բուրգ, Մխիթարիչի աշտարակ և այլն։ Նրանցում է տեղավորվել կայազորը, իսկ որոշ աշտարակներում կառուցվել են մատուռներ:
Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես ես ունեցել, համարվել են անխորտակելի:
Ընդ որում պաշտպանության պահանջներից ելնելով արտաքին և նեքին շարքերի դռները կառուցված էին ոչ թե դեմ դիմաց, այլ շեղակի, առիշեղ. քաղաքի պաշտպանները այս դեպքում կարող էին փակել թշնամուն երկու խարսպաշարքերի միջև ընկած նեղ տարածության վրա և կործանիչ հարվածներ հասցնել:
Եղել են նաև դռնակներ: Արտաքին կողմից պարիսպը պաշտպանված էր խորը, ավելի քան 500 մ երկարությամբ ջրով լի խրամով: Այդ ջրի ավելցուկն օգտագործվել է ջրաղացների, ձիթհանքերի քարերը պտտեցնելու և բանջարանոցները ջրելու համար:

Այդ հզոր քաղաքապարիսպների համակարգն իր պաշտպանության տակ առավ շահաստանի զգալիորեն աճած (մոտ 100 հեկ.) տարածքը և հուսալի կերպով ապահովեց Անիի անառիկությունը: Եվ չնայած իրենց մեծ չափերին, Անիի պարիսպները ճնշող տպավորություն չեն թողել, եղել են համահնչյուն տեղի ռելիեֆին ու կազմել քաղաքի համայնապատկերի անքակտելի մասը: