fbpx

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար

ԱնվանումԱնիի Մայր Տաճար
ՎայրԱրևմտյան Հայաստան

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թթ Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է՝ կոթողային ձևով և հարուստ հարդարանքով։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։ Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել մարդաբոյ արծաթյա խաչ։

Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի, 989 թվականին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001 թվականին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7×34,3 մ) Անիի Մայր տաճարը իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։ Հայկական խորշերով ակոսված արտաքին ճակատները հարդարված են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է Քրիստոսը գահի վրա պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեցական ճարտարապետական ձևերի զարգացման գործում, տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Մայր տաճարին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դդ․ դարձել են Արևմտյան Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտարապետության բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Անիի Մայր տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների թվին։

Կատրանիդե թագուհին Մայր տաճարը զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

1010-ական թթ․ Անիի Մայր տաճարի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Սբ․ Հռիփսիմյանց վկայարան։ 1040–1050-ական թթ․ Անիի Մայր տաճարի արլ․ և արմ․ ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը)։ 1064-ին սելջուկները գրավել են Անին և Մայր տաճարը վերածել մզկիթի։ 1124 թվականին Անիի ամիրան Անիի Մայր տաճարի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել։ Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև։ Անիի Մայր տաճարը վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում։ XII դ․ տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին։ 1126 թվականին վրացիները ստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Մայր տաճարի նկատմամբ ոտնձգություններ չանել։ 1198 թվականին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ․ Անիի Մայր տաճարը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան և այլն)։ 1213 թվականին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները։ 1319 թվականի երկրաշարժից քանդվել է Մայր տաճարի գմբեթը, 1988 թվականի երկրաշարժից՝ հս-արմ․ անկյունը։